ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել մեզ, չի՛ հաջովի․ «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել մեզ, չի՛ հաջովի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը երկարաշունչ մեջբերումներով մի գրություն է երեկ հասցեագրել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ «նախազգուշացում հայտարարել» Քնար Մանուկյանին: Բանն այն է, որ Մանուկյանը մի հրապարակում էր արել, թե ինչպես են ԱԺ շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները հավաքվել ԱԺ դահլիճի դռան մոտ, երբ լսել են պատգամավորների գոռգոռոցները, որպեսզի դահլիճ մտնեն, երբ նախագահողը հրահանգի:

Աշխատակազմի ղեկավարը գրել է, թե այս հրապարակումով Քնար Մանուկյանը խախտել է ՀՀ ԱԺ 2017 թ. դեկտեմբերի 27-ի, ԱԺ խորհրդի 2019 թվականի, ԱԺ նախագահի որոշումները: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարին՝ ընդգծում ենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն հասցեագրված գրությամբ Դավիթ Առաքելյանը խախտել է ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 23-րդ կետը, այն է՝ «23. Ազգային ժողովը եւ Աշխատակազմը՝ 1) որեւէ ձեւով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ. 2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում են ոչ խտրական պայմաններ. 3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը»:

ՀՀ աշխատակազմի ղեկավարն իր գործունեությամբ փորձել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչին, քանի որ, նախ, Քնար Մանուկյանին զանգահարել են լրատվական ծառայությունից եւ պահանջել ջնջել հրապարակված նյութը եւ ստանալով մերժում՝ ուղարկել են նախազգուշական մի գրություն: Դավիթ Առաքելյանը որեւէ իրավունքով չի կարող ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին արգելել լուսաբանելու ԱԺ-ում տեղի ունեցող զարգացումները, գրաքննել լրագրողին, ցուցաբերել խտրական մոտեցում: Կհիշեք՝ ԱԺ աշխատակազմը կամ լրատվական ծառայությունը անվտանգության աշխատակիցների մասնագիտական գործունեության արգելվող լուսաբանման մասով նախկինում ակտիվությամբ աչքի չի ընկել: Երբ ԱԺ դահլիճում անվտանգության աշխատակիցները կին պատգամավորի նկատմամբ բռնություն էին գործադրում, քաշքշում էին տղամարդ պատգամավորներին, ու բոլոր տեսանյութերը կան, որեւէ լրատվամիջոց կամ լրագրող նկատողություն չի ստացել ԱԺ աշխատակազմի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հորդորում է ԱԺ աշխատակազմին օրինազանցությամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աչքի չընկնել եւ չփորձել գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին: Չի հաջողվել, չի հաջողվի եւ չի հաջողվելու: Մենք իրադարձությունները լուսաբանում ենք օբյեկտիվորեն:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունն իր զեկույցում քննադատել էր այն, որ Ազգային ժողովում լրագրողի տեղաշարժը սահմանափակվում է, եւ դա համարվել է հետընթաց։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում



Նման նյութեր