210 եղևնի՝ 41 պետությունների ներկայացուցիչներից. Հայոց ցեղասպանության թանգարանի եղևնիների պուրակն ընդարձակվում է
Advertisement 1000 x 90

210 եղևնի՝ 41 պետությունների ներկայացուցիչներից. Հայոց ցեղասպանության թանգարանի եղևնիների պուրակն ընդարձակվում է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եղևնիների պուրակն ընդարձակվում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ գումար է հատկացվել, աշխատանքներ են տարվել և պուրակի համար 640 քմ մակերեսով 2 տեղամաս է ավելացվել:

Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հայաստան եկած բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր հուշահամալիր այցելության ընթացքում հիշողության պուրակում եղևնիներ տնկելու հնարավորթյուն ունեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրենՀարություն Մարությանը նշեց, որ այդպես նրանք ոչ միայն ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև Ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ առաքելություն են իրականացնում:

«Ծառը, բույսը կյանքի հարատևության նշան է։ Քանի որ այն նվիրված է ոգեկոչմանը, ապա իր գործառույթը կատարում է այնքան ժամանակ, քանի դեռ ծառը կենդանի է, շնչում է։ Այստեղ ընտրվել են ծառեր, արծաթափայլ եղևնիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում են կանաչ։ Խորհուրդն այն է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ամբողջ տարի է վառ պահվում։ Այն, որ տարբեր երկրների ներկայացուցիչները ծառ են տնկում, նշանակում է նրանց համար նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը անժամկետ է»,-ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Հուշահամալիրի պուրակ ունենալու գաղափարը սկսել է կյանքի  կոչել թանգարանի առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս: Պուրակում առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

«Այստեղ եղևնիներ են տնկում բազմաթիվ պետությունների ղեկավարներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Այստեղ կա 210 եղևնի, տնկվել են 41 պետությունների պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչներ: Եկավ ժամանակը և տեսանք, որ տարածքը չի բավարարում, այն ընդարձակելու անհրաժեշտություն կա, ինչն էլ և արվում է»,-ասաց Հարություն Մարությանը:

Եղեևնիների խնամքը բարդ ու մեծ ջանքեր ու ռեսուրսներ պահանջող գործընթաց է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի խոսքով՝ տեղանքն այդքան էլ բարնպաստ չէ  եղևնիների համար։ Տարածքի բավական քարքարոտ լինելը խնդիրներ է առաջացնում։

«Փոքր ռեսուրսով իրականացվող շուրջօրյա խնամքի շնորհիվ եղևնիներն աճում են, փարթամանում՝ շարունակելով կրել իրենց յուրահատուկ խորհուրդը: Ես պարտավորված եմ ինձ զգում այս տարածքում յուրաքանչյուր ծառին մոտենալ մեկ այլ ձևով: Դա սովորական ծառ չէ, այն պատմություն է»,-ասաց Սմբատ Մանուկյանը:

Տնօրեն Հարություն Մարությանը հավելեց, որ այժմ եղևնիների խնամքի պայմանները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում՝ կապված ոռոգման համակարգի, հողի որակի փոփոխության հետ։ Ավելացվել են պուրակի նոր տեղամասերը:

«Այդ երկու տեղամասում համապատասխան տեխնիկան շատ երկար աշխատել է, այդտեղ շատ մեծ ժայռաբեկորներ կային: Ամեն դեպքում 60 սմ խորություն հնարավոր եղավ ապահովել, բերվեց նոր հող: Կարծում եմ, որ այս հատկացված տարածքները երկար տարիներ կբավարարեն պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների կողմից ծառատունկ իրականացնելու համար»,-հավելեց Հարություն Մարությանը:

Եղևնիների պուրակը անտարբեր չի թողնում նաև հուշահամալիր այցելած զբոսշրջիկներին։ Նրանք զբոսնում են, ծանոթանում, ոմանք էլ փորձում են գտնել իրենց երկրների ղեկավարների տնկած եղևնիները։ Զբոսաշրջիկներին այդ հարցում օգնում են թարմացված տեղեկատվական ցուցանակները։



Նման նյութեր