Սմարթֆոն ունեցող, սոցցանցերից կամ առցանց ծառայություններից օգտվող յուրաքանչյուր մարդ պոտենցիալ թիրախ է չարագործների համար։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է սմարթֆոնն անվտանգ պահել և խուսափել չարագործների զոհը դառնալուց։
Ուժեղ գաղտնաբառ
Հարկավոր է օգտագործել ուժեղ գաղտնաբառեր, որոնք կներառեն մեծատառ և փոքրատառ տառեր, թվեր, հատուկ սիմվոլներ։ Ձեր հեռախոսը պաշտպանելու համար կարելի է օգտագործել նաև կենսաչափական նույնականացում, օրինակ՝ դեմքի ճանաչում կամ մատնահետքի սկանավորում: Որևէ պարագայում մի օգտագործեք պարզ կամ սովորական գաղտնաբառեր, ինչպիսիք են «1234»-ը կամ «password»-ը:
Ուժեղ գաղտնաբառերի ստեղծման համար նույնիսկ կան հատուկ գեներատորներ, որոնցից կարելի է օգտվել տարբեր ծառայությունների օգտահաշիվների գաղտնաբառեր ստեղծելու համար, ընդորում՝ կարելի է նաև չվերցնել այն նույնությամբ, այլ առաջարկվող գաղտնաբառում անել սեփական փոփոխությունները։ Այդպիսի ծառայություններից են Norton-ը, Passwordsgenerator․net-ը, Avast-ը և այլն։
Թարմացված ՕՀ և հավելվածներ
Համոզվեք, որ ձեր հեռախոսի օպերացիոն համակարգը և հավելվածները պարբերաբար թարմացվում են: Այս թարմացումները հաճախ ներառում են անվտանգության ուղղումներ և սխալների կամ խոցելիությունների շտկումներ, որոնք կարող են պաշտպանել ձեր հեռախոսը հնարավոր սպառնալիքներից:
Հակավիրուսային ծրագիր
Ձեր հեռախոսում կարող եք տեղադրել հակավիրուսային հավելված հեղինակավոր և վստահելի արտադրողներից, որոնք կօգնեն պաշտպանվել չարամիտ ծրագրերից և այլ վնասակար ծրագրերից։ Այդպիսի հակավիրուսային ծրագրերը բազմաթիվ, դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Զգույշ եղեք հավելվածներ ներբեռնելիս
Հավելվածներ ներբեռնեք միայն վստահելի աղբյուրներից, օրինակ՝ Google Play Store-ից կամ Apple App Store-ից: Զգույշ եղեք հավելվածներից, որոնք պահանջում են չափազանց շատ թույլտվություններ կամ հասանելիություն են պահանջում զգայուն տվյալներին, ինչպիսիք են ձեր կոնտակտները կամ գտնվելու վայրը:
Խուսափեք հանրային Wi-Fi օգտագործելուց
Զգույշ եղեք հանրային Wi-Fi ցանցերից օգտվելիս, քանի որ դրանք կարող են խոցելի լինել հաքերների համար: Նույնիսկ եթե ստիպված եք օգտվել դրանցից, ապա այդ ժամանակ առնվազն խուսափեք ձեր ֆինանսական կամ դրանց հետ կապակցված հավելվածներ մուտք գործելուց։ Նման դեպքերում կարելի է օգտագործել վիրտուալ մասնավոր ցանցը (VPN), որպեսզի ձեր կապը գաղտնագրված լինի։