Քո կողքին և առանց քեզ…
Advertisement 1000 x 90

Քո կողքին և առանց քեզ…

Ճարտարապետի և քիմիկոսի դուստրը երազում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել թատերական ինստիտուտ, քանի որ նա իրեն արվեստից դուրս չէր պատկերացնում: Երիտասարդ տարիքում արդեն ուներ գրած բանաստեղծություններ և երգեր, սակայն լուրջ երգարվեստով սկսել է զբաղվել ավելի ուշ: Արդեն տասը տարուց ավելի է` հայ ունկնդրին Մարինե Ալես անունը ծանոթ է, որպես յուրօրինակ և գեղեցիկ երգերի հեղինակ: Սեպտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը հավաքված էին նրա երգի սիրահարները: Այդ օրը Մարինե Ալես երգահանն իր չորրորդ՝ «Քո կողքին և առանց քեզ» ձայնասկավառակը հանձնեց հայ հանդիսատեսի դատին:

Եթե նրա նախորդ ձայնասկավառակը, որ կոչվում է «Մտորումներ», երկու կնոջ ձայնասկավառակ է` Շուշան Պետրոսյանի և Մարինե Ալեսի մասնակցությամբ, ապա այս նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված է տասնչորս երգ, առանձնանում է նրանով, որ նրա մեջ տեղ գտած բոլոր 14 երգերը միայն տղամարդիկ են կատարում, բացառությամբ Էմմա Պետրոսյանի, ով Արամոյի հետ դուետ է երգում: «Ես միակ կինն եմ այս ձայնասկավառակում, քանի որ ես կիսում եմ Արամոյի կերպարը, իսկ Մարինեն չցանկացավ ինձ Արամոյից բաժանել: Սա իմ և Մարինե Ալեսի երկրորդ համագործակցությունն է, ես երգում եմ նրա «Իմ միակ բարդիները» երգը: Ինձ համար Մարինեի ստեղծագործությունները կարևոր են հատկապես այն պատճառով, որ Մարինե Ալես երգահանի ձեռագիրն այսօր շատ կարևոր է երևանյան, մեր իրական երգեցողության այժմյան էջերում: Նրա երգերում յուրաքանչյուրը կարող է իրեն գտնել, իր սերը, իր կորցրածը գտնել, ես շատ ուրախ եմ, որ, կամա թե ակամա, ընդգրկվեցի այս ձայնասկավառակում»,- ասաց Էմմա Պետրոսյանը:

Երեկոյի ընթացքում, որը վարում էր դաշնակահար, Մ. Ալեսի պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, հնչեցին նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերը և ցուցադրվեցին տեսահոլովակներ` նկարահանված Մարինե Ալեսի երգերի հիման վրա: «Չնայած իմ խիտ երգացանկին՝ ես կարողացա լայն և կարևոր տեղ տալ այս երգին: Մարինեն չունի այնպիսի մի երգ, որը չհուզի մարդկանց և տակնուվրա չանի նրանց ներաշխարհը: Նրա երգերում սերը ոչ թե ծորում է, այլ հորդում է, շռայլորեն ներս է մտնում և փոթորկում է մեր հոգիները»,– ասաց երգիչ Արմեն Դարբինյանը, որը ձայնասկավառակում կատարում է «Քո կողքին» երգը: Դերասան Վիգեն Ստեփանյանը կատարեց Մարինեի հեղինակած ռոմանսներից մեկը: Դերասանի խոսքով, նրա համար մինչ օրս առեղծված է, թե Մարինեն ինչպես կարողացավ իրեն երգ վստահել և ստիպել բեմ դուրս գալ ոչ թե որպես դերասան, այլ որպես երգիչ. «Մենք շատ վաղեմի ընկերներ ենք` դեռևս ինստիտուտից (Երբ Մարինեն դասավանդում էր Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում.- Ա.Հ.), նույնիսկ վախենում եմ ասել, թե քանի տարվա ընկերություն է, և քանի որ այդ ընկերության մեջ կա շատ կարևոր մի խոսք՝ «վստահություն», այդ առաջարկից հետո ես Մարինեին այլևս հարցեր չտվեցի»:

Ձայնասկավառակում ընդգրկված կատարողներից շատերն առաջին անգամ էին համագործակցում Մարինեի հետ: Նրա «Վերջին քամի» երգն առաջին ստեղծագործությունն էր, որ իր տեղը գտավ Աշոտ Ղազարյանի երգացանկում: Առաջին անգամ էին համագործակցում նաև Արսեն Սաֆարյանը և Վարդան Պետրոսյանը, երիտասարդ կատարող Դավիթ Մինասյանը: Արսեն Սաֆարյանը Մարինե Ալեսի «Հուշերի այգում» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանել, որի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Դերասան Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից շնորհավորական ուղերձ հղեց Մարինեին: Իսկ նրա «Բառեր, բառեր» երգի հիման վրա Մնջախաղի պետական թատրոնի դերասանները փոքրիկ ներկայացում բեմադրեցին: Երգում էին նաև Մարինեի հին ընկերները` Ռադիկ Գաբրիելյանը, Ֆորշը, Միքայել Պողոսյանը:

«Դարի զավակներ» երգով, որը կատարում էր Անահիտ Շարյանը, դեռևս 2004թ. Մարինե Ալեսը մասնակցել է «Սայաթ-Նովա» միջազգային համահայկական երգի փառատոնին և արժանացել Գրան-պրիի: Հետագայում Ա. Շարյանը ռեժիսոր Արմեն Մկրտչյանի օգնությամբ այդ երգի հիման վրա նկարահանել է մի ֆիլմ, որը մեծ անակնկալ է եղել Մարինեի համար: Իսկ այժմ այդ ֆիլմը Վաշինգտոնում Կոնգրեսների գրադարանում դրված է, և այնտեղ մշտապես դիտում են այն:

Ձայնասկավառակի շնորհանդեսի օրն անակնկալներ կային ոչ միայն Մարինեի, այլև երեկոն իրականացնող, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և Մարինեի ընկեր, երաժիշտ Արմեն Մանուկյանի համար: Ա. Մանուկյանը Մշակույթի նախարարության կողմից արժանացավ Ոսկե մեդալի: «2000 թվականին առաջին անգամ «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ լսեցի նրա երգը, շատ հավանեցի, և մինչև օրս աշխատում ենք: Յոթ տարի Մարինեի հետ մենք համատեղ ենք աշխատել, ես միշտ պատրաստ եմ օգնել ու աջակցել նրան: Շատ շնորհալի, շատ տաղանդավոր և համեստ մարդ է: Ես այս ամենը վստահ եմ ասում, որովհետև մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ նրա երաժշտությո՞ւնն է շատ ավելի լավը, թե՞ խոսքերը, քանի որ նրա բոլոր երգերում շատ իմաստուն խոսքեր կան»,- ասաց Արմեն Մանուկյանը: Երեկոյի ավարտին Մարինե Ալեսն իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց բոլորին. «Շնորհակալ եմ բոլորին` ծնողներիս, զավակներիս, ընկերներիս, ովքեր ինձ աջակցում էին, որ ես ստեղծագործեմ և շարունակեմ երգեր գրել: Իմ երգերում սերն այդքան շատ է, որովհետև ես իմ կյանքում անչափ սիրված եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ են և օգնում են ինձ»:

Մարինե Ալեսին, ում ազգանունը բաղկացած է իր երեխաների անունների առաջին տառերից` Ալեքսանդր և Սեդա, ԱՄՆ-ում Հայկական դեսպանատունը պարգևատրել է Հայ ապագային ներդրումներ ունենալու համար:

Անի Հարոյան

«3 Միլիոն»