Կար մարդ, որ և՛ ինձ հետ էր շփվում, և՛ Նիկոլի հետ, բայց ցավոք սրտի, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը պատերազմի վտանգի մասին չի զգուշացրել իրեն։
ՀՀ 3-րդ նախագահը նշեց, որ պատերազմի արհավիրքի մասին զգուշացրել է մի քանի անգամ։
«Մեկը ապրիլի 17-ին, երբ վարչապետ էի ընտրվում։ 2-րդ անգամ «Մարիոթում» հանդիպմանը, երբ ասացի, որ նա Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Եվ 2020 թվի սկզբին, երբ ասուլիս տվեցի, ասացի, որ պատերազմը մոտենում է, զգուշացումը էլ պոզով-պոչո՞վ է լինում»,- ասաց նա։
«Կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր «Սերժ Սարգսյանը իմացել է Արցախին սպառնացող վերահաս վտանգը, և այդ մասին եթե ժողովրդին չէր ասում, գոնե իրեն պետք է ասեր»։
Երրորդ նախագահը նախ հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն էր արել, այլև զրպարտել էր իրեն՝ իբր կենցաղային հարցերով նրան նամակներ է ուղղել, որը Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց՝ պահանջելով՝ Կառավարությանն ուղարկված այդ նամակները հրապարակվեն։
«Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նման բան չէր եղել։
Երևի ճիշտ ասացիք «հիվանդ գլխից առողջ գլուխ տեղափոխելու» մասին, բայց ես մի քիչ այլ առումով կասեմ, մի քանի անգամ եմ ասել, հիմա էլ կասեմ՝ արհավիրքը իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ իրավիճակ, միայն այդ արհավիրքի հետևանքն են։
Ուզում եմ մի քանի օրինակներ բերեմ, տեսնենք՝ արդյո՞ք ես զգուշացրել եմ ռազմական գործողությունների մասին, խնդիրների մասին, թե՞ չէ։ Առաջին անգամ և՛ ինքը, և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Եվ ակնհայտ էր, դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը։ Իրենք սկզբում դա չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով ամբողջ կոնտեքսից՝ բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ Այնուհետև 44-օրյա ռազմական գործողություններից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա՝ տեսնում եք՝ ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, և այլն, իսկ հիմա ասում է, թե չենք զգուշացրել։
Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում մեր ունեցած միակ հանդիպման ընթացքում, երբ ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում նրան ասացի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի՞ քաղել։ Անմիջապես հետո, ինքն իր բնույթին համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, կրկին տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին: Արդեն այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ ներքաղաքական իրավիճակը բարդ է, և ունենալով նման իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ըստ Երրորդ նախագահի, Նիկոլ Փաշինյանին ուղղված հաջորդ զգուշացումը եղել է 2018 թվականի մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, և ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որը նա չի ընդունել։
«Հաջորդ նախազգուշացումը եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում կորոնավիրուսը խեղդում էր օղիով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերը որտեղի՞ց էին։
Ինչ վերաբերում է նրա ասածին, թե կար մարդ, որը և՛ ինձ հետ էր շփվում, և՛ իր հետ, այո, կար նման մարդ։ Ուղղակի այդ մարդը ցավոք սրտի՝ չի կարող հիմա վկայություն տալ, չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի ինքը թող հիշի՝ այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ինքն ինչ էր ասում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի վերջին, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, և այլն։ Բայց պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել էր, որ թիկունքից հարվածեր, ու հարվածեց։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս տվեցի, ասացի՝ ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են, զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում