Գերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել ԳՖՀ-ում: Այդ մասին Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար և հատուկ հանձնարարությունների համերկրային նախարար Պետեր Ալտմայերը:
Նրա խոսքով՝ 2015 թվականը դարձավ հումանիտար օգնության կարիքն ունեցող մարդկանց աջակցման տարի, 2016 թվականին միգրանտների հոսքն զգալիորեն նվազեց, իսկ այժմ եկել է ժամանակը, որ Գերմանիայի տարածքը լքեն նրանք, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն:
Ինչպես հայտնել է Ալտմայերը, անցյալ տարի 80 հազար մարդ արդեն ուղարկվել են իրենց երկրներ:
«2016 թվականին ընդունվել է փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 700 հազար դիմում: 300 հազար խնդրատուներ մերժվել են: Մենք ցանկանում ենք արագորեն վտարել նրանց երկրից, այլապես մենք խարխլում ենք վստահությունը իրավական պետության համակարգի նկատմամբ»,- հայտարարել է պաշտոնյան:
Ինչպես պնդում է Ալտմայերը, առաջին հերթին կարտաքսվեն այն անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, ինչպես նաեւ նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում գերմանական պետության անվտանգության համար:
Լուսանկարը` Reuters