Երկու հազար կյանք. հայկական բանակի զոհերը 1994-ի զինադադարից ի վեր. aniarc.am
Advertisement 1000 x 90

Երկու հազար կյանք. հայկական բանակի զոհերը 1994-ի զինադադարից ի վեր. aniarc.am

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախի պաշտպանության բանակը վերջին շրջանում, հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, օրը օրին հաղորդում են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Վերջին տարիներին հայկական բանակի գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել, հատկապես՝ զինվորների զոհերի դեպքերի մասին իրազեկումների մասով:

Նախկինում, սկսած 1994-ի մայիսյան զինադադարից, այդպես չի եղել: Պաշտպանության նախարարությունը և պաշտպանական բանակը գրեթե երկու տասնամյակ պարտավորված չեն եղել հակառակորդի կողմի կրակոցներից, ականների պայթյուններից, ներքին ոչ կանոնադարական պայմաններում մահացածների մասին հաղորդագրություն տարածելուց:

Որքա՞ն է կազմել հայկական բանակի զոհերի թիվը 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր: Այս հարցին ամենաճշգրիտ պատասխան կարող է տալ միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Վերջին տարիներին մի շարք լրատվամիջոցներ և կազմակերպություններ մշտադիտարկում են անցկացնում և զեկույցներ ու հոդվածներ հրապարակում հայկական բանակում զոհերի մասին: Դրանց թվում են Ռազմինֆո լրատվական կայքը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: Եղել են տարիներ, երբ զոհերի թվի մասին վիճակագրական տվյալներ են ներկայացրել պաշտպանության նախարարությունը կամ նախարարը մամուլի ասուլիսի և հարցազրույցի ընթացքում, զինվորական դատախազությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը:

1990-ական թվականների կեսերին մշտադիտարկում իրականացնում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններ ու անհատներ:

Համադրելով վերոնշյալ կազմակերպությունների տվյալները, մենք փորձել են ըստ տարիների կազմել և ներկայացնել 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարի զոհերի վիճակագրությունը: Մենք ընդունում ենք, որ այդ թվերը կարող են որոշ դեպքերում ճիշտ չլինել, հետևաբար՝ ակնկալում ենք պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի և հարցով մասնագիտացած կառույցների կառուցողական քննադատությունն ու օժանդակությունը՝ հնարավորինս ճշգրտելու այս տխուր վիճակագրությունը: Սա աշխատանք է, որը անընդհատ կարիք ունի վերանայումների ու ճշգրտումների:

Միանգամից նշենք, որ զոհերի թիվը ակնհայտորեն մեծ է եղել 1995-1998 թվականներին և 2016-ին: Սա օրինաչափ է, քանի որ զինադադարից հետո որոշ ժամանակ շփման գծի երկայնքով բռնկվել են լոկալ ընդհարումներ երկկողմ զոհերով, շփման գիծը չի ունեցել այնպիսի պաշտպանական համակարգ, ինչպես այսօր, հեկտարներով տարածքներ եղել են ականապատ: Իսկ 2016-ը Ապրիլյան 4-օրյա պատերազմի տարին էր:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ 2002-ի հոդվածում, որը տեղ է գտել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի՝ Մարդու իրավունքների մասին հրապարակած տարեգրքում, 1994-1998 թվականներին հայկական բանակում՝ Հայաստանի պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանական բանակ, զոհերի թիվը կազմել է մինչև 800 հոգի:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և որևէ այլ կառույց չի հրապարակել 1994-ի զոհերի թվերը՝ մայիսի 12-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած հատվածը:

1995-ին զոհերի թիվը կազմել է 324,

1996-ին՝ 260,

1997-ին՝ 217,

1998-ին՝ 196:

Իմ պահոցում պահպանվել է 1998-ի զոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ՝ 151 և 171, ընդ որում վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը:

1999-ին իմ պահոցում հանդիպում ենք 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զոհերի թիվը եղել է 93:

2000-ից զոհերի թիվը սկսում է նվազել, որոշ տարիներ՝ կտրուկ նվազել: Այդ տարվա համար հանդիպում է երեք տարբեր թվեր՝ 72, մեկ այլ տեղ՝ 111,  Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին:

2001-ին ևս հանդիպում է երկու տարբեր թիվ, միմյանցից ակնհայտորեն տարբեր՝ 56 և 92:

2002-ին ունեցել ենք մոտ 50 զոհ, ապա գրվել է 62 զոհի մասին:

2003-ից 2007 թվականներին զոհերի թիվը էլ ավելի է անկում ապրել.

2003-ին՝ 40 զոհ,

2004-ին՝ 38 զոհ,

2005-ին՝  47 զոհ (այս թիվը ներկայացրել է ՀՀ ՊՆ-ն),

2006-ին՝  33 զոհ (այս թիվը ներկայացրել է ՀՀ ՊՆախարար Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ զինվորական դատախազությունը ներկայացրել է 36 թիվը),

2007-ին՝ 31 զոհ (այս թիվը ներկայացրել է ՀՀ ՊՆ-ն, իսկ ՀՀ զինվորական դատախազությունը ներկայացրել է 50 թիվը):

2008-ին, ըստ ՀՀ զինվորական դատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի՝ 69:

2009-ին ՀՀ զինվորական դատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի զոհերի թիվը եղել է 42:

2010-ը միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշում են միևնույն թիվը՝ 54: Զոհերի այս թիվը նշել են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը: Համաձայն «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի՝ 2010-ին կորուստների թիվը կազմել է 61:

2011-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ներկայացրել է 41 թիվը, ՀՀ զինվորական դատախազությունը և Ռազմինֆո կայքը՝ 36, իսկ ՀՀ ՊՆ-ն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ 39:

2012-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ներկայացրել է 54 թիվը, Ռազմինֆո կայքը՝ 52, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է կորուստների 50 թիվը, մինչդեռ ՀՀ զինվորական դատախազությունը և ՀՀ ՊՆ-ն՝ 36:

2013-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ներկայացրել է 32 թիվը, ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ-ն և Ռազմինֆո կայքը՝ 30, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է կորուստների 31 թիվը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ 1994-ի զինադադարից ի վեր ամենից քիչ կորուստներ ունեցել ենք 2013 թվականին:

2014-ին զոհերի թիվը ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ռազմինֆո կայքի կազմել է 46, ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 45, ըստ ՀՀ զինվորական դատախազության՝ 44:

2015-ի համար թվերը հակասական են: Ռազմինֆո կայքը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում են 76 թիվը, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն և ՀՀ զինվորական դատախազությունը՝ 57 կորուստներ թիվը:

2016-ին, ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, զոհերի թիվը կազմել է 162, մինչդեռ Ռազմինֆո կայքը նշել է 147 թիվը: Ռազմինֆոն նշում է նաև 18 կամավորականի կորուստը:

2017-ի հունվար-փետրվար ամիսներին հայկական բանակում, ըստ մեր հաշվումների, կորուստների թիվը 9 է, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 11:

Այսպիսով, կարող ենք ասել, որ 1994-ի զինադադրից ի վեր հայկական բանակում զոհերի թիվը՝ մարտական և ոչ մարտական միասին, կազմել է շուրջ 2.000 հոգի:

Կրկնում ենք՝ մենք չենք հավակնում նրան, որ ներկայացրել ենք ամենաճշգրիտ տվյալներ, սակայն համարում ենք, որ դրանք մոտ են իրականությանը և ժամանակն է հայկական բանակի կորուստների վերաբերյալ ունենալ իրականությանը հնարավորինս մոտ տվյալներ: Դա, անկասկած, լավագույնը կարող է անել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Արցախյան պատերազմի բոլոր զոհերը

Ստեփանակերտի Արցախյան պատերազմի զոհերի թանգարանի կայքում (Музей погибших воинов НКР, www.kniga.am) անուն առ անուն տեղադրված են բոլոր այն մարդկանց անունները (նրանց ծնված թվականը, վայրը, որոշ այլ մանրամասներ, ինչպես նաև՝ նկարը), ովքեր սպանվել են ինչպես ռազմական գործողությունների ընթացքում՝ 1991-1994 թվականներ, այնպես էլ նախապատերազմյան՝ 1988-1990 թթ. (Սումգայիթ, Բաքու, “Օղակ” գործողություն), և հետպատերազմյան՝ “ոչ խաղաղություն, ոչ պատերազմ”, տարիներին՝ 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից մինչև այսօր:

Չնայած որոշակի կրկնություններին (որոշ անուններ հանդիպում են երկու անգամ), սա Արցախյան պատերազմի զոհերի մասին ամենից ամբողջական, համապարփակ և վստահելի տեղեկատվությունն է մինչև այսօր հրապարակվածների շարքում: Բավականաչափ երկարատև աշխատանք է պահանջվում, որպեսզի ամենայն ճշգրտությամբ ներկայացվեն թվերը: Դա կանենք առաջիկայում, իսկ այժմ ներկայացենք զոհերի վիճակագրական ընդհանուր պատկերը:

Պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերի ընդհանուր թիվը շուրջ 1.500 է:

Արցախից ևս շուրջ 2.700 հոգի սպանվել է ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում, այսինքն՝ այդ մարդիկ եղել են ազատամարտիկներ կամ իրենց հարազատ տների պաշտպաններ:

Եվս շուրջ 300 արցախցի սպանվել է 1994-ի անժամկետ հրադադարից հետո:

Արցախում սպանված հայաստանցի ազատամարտիկների և զինվորների թիվը կազմում է 2.034 հոգի:

Եվս 1.326 հայաստանցիներ՝ ազատամարտիկներ, իրենց գյուղերի պաշտպաններ և խաղաղ բնակիչներ, սպանվել են պատերազմի տարիներին Հայաստանում (հայ-ադրբեջանական սահմանամերձ կռիվների ընթացքում):

Հայաստանից և Արցախից անհետ կորածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 հոգի:

Պատերազմի տարիներին հայկական կողմից կռված և սպանված ռուսների, ուկրաինացիների ու նախկին խորհրդային այլ հանրապետությունների քաղաքացիների թիվը 37 է:

Եվ վերջապես, զոհված սփյուռքահայերի թիվը 4 հոգի է:

Զոհվածների շարքում կան ևս մեկ տասնյակ իրանահայեր, որոնք, սակայն, նախքան պատերազմը տեղափոխվել էին Հայաստան:

Այս վիճակագրության մեջ չեն ներառվել 2015 և 2016 թվականների կորուստները:

Թաթուլ Հակոբյան
aniarc.am