ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի զարմուհին՝ կրտսեր Նադյա Սարգսյանը շուրջ վեց տարվա դադարից հետո կրկին որոշել է վերադառնալ երգարվեստ:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է դադարի, ապագա ծրագրերի ու Նադեժդա Սարգսյանի և Էմմիի աջակցության մասին:
Նադյա Սարգսյանին շատերը կհիշեն «Մանկական Եվրատեսիլի» նախնական փուլերում, երբ նա իրենց խմբի հետ փորձում էր իր ուժերը այդ մեծ բեմում հայտնվելու համար: Մի քանի անհաջող փորձերից հետո Նադյան որոշում է այլևս չերգել.
«Կստեմ, եթե ասեմ՝ հիասթափություններ չունեցա, երբ «Դո ռե մի» խմբով մի քանի անգամ փորձեցինք մասնակցել սկզբում «Մանկական Եվրատեսիլին», ապա նաև «Նոր ալիքին», բայց, ցավոք, չստացվեց: Դրանից հետո մեր խումբը ցրվեց ու ես որոշեցի, որ այլևս չեմ երգելու: Այդ ընթացքում ընդունվեցի Երևանի Մշակույթի Պետական քոլեջի «Ռեժիսուրա» բաժինը, իսկ հետո մայրիկիս ու մորաքրոջս՝ Նադեժդա Սարսգյանի հորդորներով, որոշեցի կրկին երգել ու որպես անհատ երգչուհի ներկայանալ: Միաժամանակ որոշում կայացրեցի, որ այս տարի պետք է պարտադիր ընդունվեմ Բժշկական համալսարան ու ապագայում դառնամ սննդաբան-դիետոլոգ: Այս պահին ինտենսիվորեն պարապում եմ ընդունելության քննությունների համար, հուսամ կհաջողի ինձ երազանքիս հասնել»,- պատմեց Նադեժդա Սարգսյան կրտսերը:
Երգչուհին վստահ է՝ կարող է լինել և բժիշկ, և երգչուհի.
«Կարծում եմ, մեծ ցանկության ու աշխատասիրության դեպքում կարելի է ամեն ինչի հասնել: Ես արդեն իսկ շատ գիտելիքներ ունեմ բժշկության մասին, ու նաև անասելի սիրում եմ երգել»,- նշեց 19-ամյա Նադյան:
Հետաքրքրվելով, թե ինչ օգնություն է ցուցաբերում Նադեժդա Սարգսյանը և արդյոք ինչպես շատ դեպքերում, այնպես և այս պարագայում Վաստակավոր արտիստուհու անունն իր համար շատ դռներ է բացում, նկատեց.
«Ես դեռ վաղուց ինձ համար մի որոշում եմ կայացրել, մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար: Ես շատ եմ կարևորում ու արժևորում նրա խորհուրդները, բայց փորձում եմ ինքս հասնել հաջողությունների, ինքնուրույն բարձունքներ գրավել»:
Էմմիի միջոցով ևս Նադյան չի փորձում հայտնի դառնալ.
«Էմմիի հետ միշտ կապի մեջ ենք, նա ինձ շատ խորհուրդներ է տալիս թե երգի հետ կապված, թե արտաքինիս: Շատ եմ սիրում նրա ճաշակն ու միշտ հետևում եմ նրա խորհուրդներին»,- հավելեց երգչուհին:
Նադյա Սարգսյանը դեռևս քավեր տարբերակներով է երգեր ներկայացնում, սակայն նրա խոսքով, առաջիկայում, երբ ընդունելության քննությունները հաջող հանձնի, իր հեղինակային երգերը ևս կներկայացնի.
«Ես նաև ստեղծագործում եմ, որոնք կսկեմ ներկայացնել ավելի ուշ, հավանաբար ամռան վերջին: Անպայման կլինի նաև տեսահոլովակլ: Հուսամ, ակտիվ գործելաոճ կկարողանամ ներկայացնել»,- ավարտեց Նադյան: