Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-յան իր էջում գրում է.
«Կոնֆլիկտների կառավարման տեսությունը ենթադրում է, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է ունենալ լուծման 4 տարբերակ․ կապիտուլյացիա/լիարժեք հաղթանակ, կոմպրոմիս, 3-րդ ուժի թելադրած լուծում ու փախուստ։
Ընդ որում՝ փախուստի տարբերակը չի կարելի համարել լուծում։ Ավելի լայն կիրառվող տերմինաբանությամբ՝ դա նույն ստատուս քվոն է։
Հայաստանում 1 ամսից պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ և ինձ մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ առնվազն այս պահի դրությամբ, տպավորություն է, որ Արցախյան կոնֆլիկտը ամենևին էլ չի կարևորվում այդ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից, որովհետև այս պահի դրությամբ՝ կոնֆլիկտի լուծման իրենց տեսլականը ներկայացրել են միայն երկու քաղաքական ուժ․ ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Մնացած ուժերի ծրագրային դրույթներում ու հրապարակային հայտարարություններում Արցախյան հիմնախնդիրը կամ ընդհանրապես չի հիշատակվում, կամ էլ՝ լավագույն դեպքում հանգում է «ոչ մի թիզ հող» կենացատիպ հայտարարությունների։
Զերծ մնալով իմ սուբյեկտիվ գնահատականը տալուց, նշեմ, որ եթե ՀՀԿ-ի տեսլականը՝ անկախ դրա իրատեսական լինել-չլինելուց, դասական կոմպրոմիսն է՝ համաձայն կոնֆլիկտների կառավարման տեսության, ապա ՀԱԿ-ի տեսլականի պարագայում կարծիքները իրարամերժ են։
ՀՀԿ-ն ասում է, որ պատրաստ է որոշակի տարածքային զիջումների՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման դիմաց. Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը և փոխարենը մենք վերադարձնում ենք 5-7 շրջան (հստակ չէ Լաչինի ու Քելբաջարի կարգավիճակը այս սցենարում)։
ՀԱԿ-ի տեսլականը ավելի բարդ է գնահատել։ Ոմանք որակում են այն որպես կապիտուլյացիա ու «հողերի հանձնում»՝ առանց նախապայմանների, ոմանք էլ ասում են, որ դա միակ ողջամիտ կոմպրոմիսն է․հողերը հանձնում ենք ու հաշվի առնելով Ալիևի ռացիոնալությունը, ակնկալում ենք Ադրբեջանի կողմից որոշակի զիջումներ (հստակ չի նշվում, թե կոնկրետ ինչ զիջումներ)։
Մյուս ուժերի մասով արդեն նշեցի՝ հստակ տեսլական չի հնչեցվում, ինչն էլ հնչեցվում է՝ չի կարելի համարել տեսլական։ «Ոչ մի թիզ հող» ասվածը տեսլական չէ։ Զուտ տեսականորեն՝ դա կարող է դիտարկվել, որպես առաքելություն, կամ էլ՝ նպատակ, իսկ տեսլականը դեպի այդ նպատակը տանող գործողությունների շղթան է։ Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ չի կարելի այդպիսի նպատակ դնել ու դեկլարացնել, բայց եթե դա է հռչակածիդ միսիան, ապա պետք է պատասխանել մի շարք կարևորագույն հարցերի։
Մասնավորապես՝ հարցերի հարցը այս պարագայում հետևյալում է։ Ոչ մի զիջում չանելով՝ կոնֆլիկտի լուծման հասնելը կոչվում է լիարժեք հաղթանակ՝ չզիջողի համար և կապիտուլյացիա՝ զիջողի համար։ Հարց․ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ու ի՞նչ ռեսուրսային կորուստների գնով ենք պատրաստվում կապիտուլյացիայի հասցնել Ադրբեջանին ու մոտավորապես ինչ ժամկետներում։ Եթե չկա այս հարցի պատասխանը, ապա մնացածը արդեն գրոշի արժեք չունի։
Հուսով եմ, որ առաջիկա օրերին, կամ էլ շաբաթներին կտեսնենք նաև քաղաքական այլ ուժերի դիրքորոշումները այս հարցի շուրջ, որովհետև հարկեր, վարկեր, ռեժիմի հեռացում, կարմիր գծեր, արդար ընտրություններ և այլ հարցեր, իհարկե, կարևոր են, բայց Արցախյան հարցից կարևոր բան օրակարգում չկա ու չի կարող լինել»։