Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստան մեկնող դժբախտներ, մանաւանդ ձեր երեխաներին այդ երկիր տանող մանկապիղծներ, գիտե՞ք, որ այդ երկիրն աշխարհում առաջին տեղերից մէկն է գրաւում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ձեզ յայտնի «ՍՊԻԴ» կամ «ՎԻՉ» անունով հիւանդութեան կրողների քանակով, որ իւրաքանչիւր 40-րդ տղամարդը հիւանդ է եւ տարեկան մօտ 20 000 մարդ է դրանից մահանում, գիտե՞ք որ դուք ձեր զաւակներին (հարբեցողութեամբ, թմրամոլութեամբ, սպանութիւններով աշխարհում առաջին տեղը գրաւող երկիր տեղափոխուելով) անդառնալի կորստեան եք դատապարտում ձեր թուլամորթութեան պատճառով ու «որտեղ հաց այնտեղ կաց» ստոր նիւթապաշտական մտածողութեամբ։
Որեւէ մարդ ծնող դառնալու պահից իր զաւակների ճակատագիրն է համարում իր հիմնական խնդիրը։ Դուք որ կեղտախեղդ Ռուսաստան եք տանում ձեր երեխաներին ձեր կարծիքով նրանց «փրկելով» Հայաստանում առկայ դժուարիութիւններից ու իրապէս առկայ վտանգներից, չե՞ք մտածում որ կրկնակի յանցագործութիւն եք կատարում՝ եւ ձեր զաւակների հանդէպ եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդէպ, որովհետեւ ձեր հեռացումով (սա արդէն բոլոր թռնողներին է վերաբերում) դուք ձեր մասով թուլացնում եք Հայաստանը եւ մասնակիցն եք դառնում «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացմանը կամ աջակցում եք «Ցեղասպանութիւնն աւարտին հասցնելու» մեր թշնամիների ծրագրին։
Եթէ ես՝ ժամանակին բռնի արտաքսուածս եւ փառահեղ հեռանկարներ ստացած անձս Արեւմուտքից ետ վերադարձած չլինէի, ի տարբերութիւն կամաւորապէս գաղթական դարձած ձեր սիրելի «հերոսների», չէի համարձակուի ասել այս խօսքերը։ Դուք ամենավատ բանն եք անում Հայաստանի եւ հայութեան հանդէպ, որ կարող էր անել հայ մարդը ու երբեք չհաւատաք, թէ դրանով պիտի լաւ արդիւնքների հասնեք։ 100-ից մէկը կը յաջողի (բայց մէկ է՝ ընդամենը ծագումով հայ պիտի լինի), իսկ մնացեալդ առնչուելու եք նոր որակի դժբախտութիւնների, որոնցից խուսափելու ճանապարհը մէկն է ՊԱՏՈՒԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ եւ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։
Անգիր արեք այս երգի բառերը։ Դա ես չեմ գրել, այլ հրեշտակներն են թելադրել.
«Ադամի ճակատագրով սփռուած ենք աշխարհում,
Բայց եւ Նոյն է մեր նախահայրը, եւ Մասիսը՝ վերջին կայան,
Բայց եւ Նոյն է մեր նախահայրը, ԱՐԱՐԱՏԸ վերջին կայան։
Դու ես Տէր մեր յոյս ապաւէնը, մեր երկիրը հաւարժ կայան։
Դու ես Տէր մեր յոյս ապաւէնը, մենք՝ զինուոր, երկիրը՝ կայան,
Հայաստանը հաւերժ կայան․․․»
4 մարտի 2017թ. (ծոմի 6-րդ օր)»: