Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան. life.panorama.am

Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Քավարան» քրեական դրաման: 20 մասից բաղկացած այս ֆիլմն իր ձևաչափով առաջինն է հայկական հեռուստաեթերում, որտեղ նկարահանվել են  Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանն ու այլոք:

Life.panorama.am-ը նոր հեռուստասերիալի մասին է խոսել դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի հետ:

«Այս հեռուստասերիալի ձևաչափը թույլ չի տալիս նախապես շատ մանրամասներ հայտնել, քանի որ դրա ողջ զարգացումը հենց պետք է դիտողին լարված պահի հեռուստաէկրանների առաջ: Սա շատ հետաքրքիր սյուժեով բազմասերիանոց ֆիլմ է, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործող բոլոր հերոսներին կապում է մեկ ընդհանուր մեղք: Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը»,- նշեց նա:

Խոսելով իր հորոսուհու մասին՝ Շուշանը պատմեց.

«Մարմնավորում եմ 35-ն անց կնոջ, ով ամուսնացած է կայացած բժշկի հետ: Ես էլ մյուս հերոսների հետ միասին քավարանում ենք հայտնվում մեկ ընդհանուր մեղքի համար: Ի դեպ՝ հերոսուհուս մասին խոսելով պետք է նշեմ, որ բավականին դժվար ու միաժամանակ հետաքրքիր էր մարմնավորել ինձնից տարիքով կնոջ: Իմ հերոսուհին շատ հասուն, կշռադատված, ինքնազոհ ու հանուն ընհանուրի սեփական անձը զոհող կին է, միաժամանակ շատ համարձակ է, ով իր վրա մեծ ծանրություն է վերցնում դժվարին իրավիճակներում: Ֆիլմի ընթացքում նա փխրուն կնոջից վերածվում է վճռական ու ուժեղ կնոջ: Որպեսզի այս բոլոր հատկանիշները կարողանայի ճիշտ ներկայացնել, նկարահանաումներից առաջ երկար աշխատել եմ ինքս իմ վրա, որ կարողանայի հերոսուհուս մատուցել այնպես, ինչպիսին ինձ տեսած չլիներ հեռուստադիտողը: Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ողջ դերասանական թիմը աշխատել է թե ժեստերի, թե բեմական խոսքի և թե ճիշտ դերասանական խաղի վրա: Կոնկրետ իմ պարագայում, հեռուստադիտողը կտեսնի նոր Շուշան Երիցյանի, որպիսին մինչ այս չի տեսել»:

Նկարահանման ընթացքից խոսելիս՝ Շուշանը նշեց, որ բավականին դժվար իրավիճակներում է հայտնվել.

«Նկարահանումները շատ հետաքրքիր են ընթացել: Այն, որ ստանդարտ տաղավարներ չկային ու պետք էր բնության մեջ իրականացնել հիմնական տեսարանները, այն էլ հունվար ամսին, արդեն խոսում է բարդ նկարահանումների մասին: Ինչևէ, բոլորս էլ փորձել ենք հաղթահարել խնդիրներն ու մարդկանց էկրաններին մոտ պահող արտադրանք ստանալ: Ինչ վերաբերվում է առաջացած դժվարություններին, պետք է նշեմ, որ բարձրությունից ֆոբյա ունեմ ու պետք էր նման տեսարան խաղալ, ինչը ինձ համար հոգեբանորեն մեծ ստրես էր: Նաև տեսարան կար, որ պետք է շատ արագ մեքենա վարեի, ինչից կրկին շատ եմ անհանգստացել: Պետք է բացի դերասանական խաղից, աշխատեի նաև իմ մարդկային տեսակի վրա, որպեսզի դիտողը չզգար իմ վախերը: Նկարահանումներ եղել են նաև խորը փոսում, որտեղ շատ ցուրտ էր ու խոնավ, այստեղ պետք էր անկաշկանդ պառկել գետնին, արդյունքում դեմքդ դիպչում էր հողին ու դրանից ևս անհարմաարություններ էին առաջանում: Սակայն մեզ բոլորիս մեկ նպատակ էր կապում՝ պետք է լավ աշխատանք ստնայինք, ինչը, կարծում եմ, հաջողվել է»,- հավելեց դերասանուհին:

Շուշան Երիցյանը զրույցի վերջում նշեց, որ անհամբերությամբ սպասում է այս աշխատանքի վերաբերյալ հեռուստադիտողի արձագանքներին:



Նման նյութեր