Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Խանասորի արշավանքը:
Հայ ֆիդայական շարժման և ռազմարվեստի պատմության լավագույն դրվագներից է 1897 թվականի հուլիսի 25-ի Խանասորի արշավանքը:
Արշավանքի նախաձեռնողն ու իրականացնողը Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունն էր, որի նպատակը քրդական Մազրիկ ցեղախմբի ահաբեկումն ու պատժելն էր: Խանասորի արշավանքի որոշումը ՀՅԴ ընդունեց 1896 թվականի աշնանը Թիֆլիսում գումարված Ընդհանուր ժողովի ժամանակ: Որոշումը միաձայն չընդունվեց: Շատ գործիչներ` Հովսեփ Արղությանը, Վազգենը, Սարգիս Մեհրաբյանը և այլք, գտնում էին, որ Բանկ Օտոմանի գործողությունից հետո, երբ մի խումբ ֆիդայիներ գրավեցին Օսմանյան բանկը, վտանգավոր է մի վայրում միաժամանակ մեծաքանակ խմբավորմամբ հանդես գալը: Սակայն, ի վերջո, Նիկոլ Դումանի պնդմամբ, որոշումն ընդունվեց:
19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանի ազատագրման կենտրոնը դարձավ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կոմիտեությունը, որի կենտրոնը Վանն էր: Վանում էին գործում ազգային-հեղափոխական գործիչները, այնտեղ էր կուտակվում Երկրի ապստամբության համար նախապատրաստվող ու պահեստավորվող զենք-զինամթերքը: Դեպի Վան հայ գործիչները անցնում էին Պարսկահայաստանի տարածքով, իսկ այդ ճանապարհը հսկվում էր քրդական Մազրիկ ցեղախմբի կողմից: Արյունարբու սուլթան Աբդուլ-Համիդ Բ ցուցումով քրդերը շարունակ խոչընդոտում էին հայկական զինավառ խմբերի թափանցումը Վան, շարունակական հարձակումներով լարվածություն էին ստեղծում Վասպուրականի հայկական բնակավայրերում: Մազրիկները Աղբակ-Վասպուրականում անպատիժ կեղեքում ու թալանում էին հայությանը և միշտ իրենց ավարառության ժամանակ անթաքույց կերպով ստանում էին իշխանությունների աջակցությունը: 1896 թվականին մազրիկները հարձակվելով Վանի ջարդերից հետո Պարսկաստան նահանջող հայ երիտասարդների վրա, իսկական նախճիր սարքեցին… Մազրիկների ավազակային հարձակմանը զոհ գնացին շուրջ 300 անզեն երիտասարդներ` դաշնակցական Պետոյի, արմենակյան Ավետիսյանի և հնչակյան պարագլուխ Մարտիկի գլխավորությամբ:
Ելնելով ստեղծված իրավիճակից` հայ խմբապետերից Նիկոլ Դումանը ՀՅԴ բյուրոյին առաջարկեց արշավանք կազմակերպել դեպի Խանասոր` պատժելու քրդական Մազրիկ ցեղախումբը:
Ատրպատականում հավաքվեց դաշնակցական գործիչների ու ֆիդայական շարժման սերուցքը: Այնտեղ էին Նիկոլ Դումանն ու Վարդան Մեհրաբյանը, իշխան Հովսեփ Արղությանն ու Կարոն (Արիստակես Զօրյան, Ռոստոմի` ՀՅԴ հիմնադրի կրտսեր եղբայրը), Հարություն Շահրիկյանն ու Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) ու Սևքարեցի Սաքոն, Քրիստափոր Օհանյանն ու Գալուստ Ալոյյանը, Փոխիկն ու Ախպերը, դեռևս նորագիր զինվորական Անդրանիկն ու շատ–շատեր։
Կազմվեց 275 անձինց բաղկացած հարվածային ջոկատ, որոնցից 40 հոգին` հեծյալ: Նախապես ծրագրված էր, որ Խանասորի արշավանքը կղեկավարի հենց մտահաղացողը` Նիկոլ Դումանը, սակայն արշավանքից մի քանի օր առաջ ՀՅԴ ղեկավարությունը փոխում է որոշումը: Ֆիդայիներն իրենց ջոկատը բաժանեցին մի քանի մասի, որոնց հրամանատարներ կարգվեցին Նիկոլ Դումանը, Տաշոն` իշխան Հովսեփ Արղությանը և այլք: Արշավանքի ընդհանուր հրամանատարն էր Սարգիս Մեհրաբյանը, որ հետայսու պիտի կոչվեր Խանասորի Վարդան: Գրոհից առաջ Վարդանը դիմեց արշավանքի մասնակիցներին. «Ցոյց տանք մեր հասարակության թերահավատ մասին, որ ընդունակ ենք հեղափոխական, թեև անհավասար, կռիվը հաջողությամբ առաջ տանելու. ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ գիտի կռվել ազատության համար»:
Մազրիկ ցեղախումբը տեղակայված էր Խանասորի դաշտում: Դա մի մեծ գոգովորություն էր` շրջապատված բլուրներով: Հայկական ջոկատները դուրս գալով Սալմաստից` հատեցին թուրք-պարսկական սահմանը, շրջանցեցին Արաուլ լեռն ու չորս կողմից շրջապատեցին դաշտը:
1897 թվականի հուլիսի 25-ի վաղ առավոտյան ֆիդայիները երգելով Միհրդատ Եսայանի ՙԿռվեցեք տղերք՚ երգը, որ նվիրված էր Նիկոլ Դումանի Բողազ Քյասանի կռվին, անակնկալ հարձակվեցին Մազրիկ ցեղախմբի վրա:
ԽԱՆԱՍՈՐԻ ՔԱՅԼԵՐԳ
Կռուեցէք տղերք, կռուեցէք քաջ քաջ,
Անվեհեր կանգնած թշնամուն առաջ,
Ցանկալի է մեզ միշտ ազնիւ մահը,
Հեռու մեզանից ոսոխի ահը:
Յառաջ խիզախենք իբրեւ նահատակ,
Ի զուր թող չանցնի մեզնից մի գնդակ:
Մեզ տօնախմբեն մեր նախնի քաջեր,
Մեզի կը սպասեն մեր հէգ եղբայրներ,
Չծնանք ազատ, գէթ մեռնինք ազատ,
Մեր սիրտն ու հոգին պահենք անարատ:
Այս անգամին ալ ցոյց տանք թշնամուն,
Թէ ի՛նչ է Հայուն ուժն ու քաջութիւն:
Ահա քիւրտերը փախչին սարսափած,
Ահա դիակներ արեամբ շաղախուած,
Կրակ տեղացէ՛ք, անդադար կրա՛կ,
Փառք Դաշնակցութեան, առատ է գնդակ,
Օ՛ն, կռուինք, տղերք, մինչեւ շունչ վերջին,
Արժանի լինենք փառաց պսակին:
Կռուինք յուսալով, մերն է ապագան,
Մեռնինք, բայց կեցցէ՜, կեցցէ՛, Հայաստան,
Այսպէս յորդորեց եւ ինկաւ արին,
Թողլով մեզ անուն յիշատակ բարին,
Ահեղ կռուի մէջ մի փոքրիկ հերոս,
Անմոռանալի կտրիճ Մարտիրոս:
Հարձակման արդյունքում կոտորվեցին քուրդ տղամարդկանց մեծամասնությունը: Շատ քչերին հաջողվեց խույս տալ: Հավատարիմ հայի և ֆիդայու պատվին ու արժանապատվությանը` հայ ֆիդայիները խնայեցին քրդերի կանանց և երեխաներին: Ֆիդայիների ցասումից խույս տվեց նաև մազրիկների ցեղապետը` Շարաֆ բեյը` ով կանացի հագուստով ծպտյալ դուրս եկավ հայերի շրջափակումից:
Քրդերը Խանասորի արշավանքի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցին: Փաստորեն, Մազրիկ ցեղախումբը դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալ: Հայկական կողմը տվեց 25 զոհ, այդ թվում` ՀՅԴ հիմնադիր Ռոստոմի եղբայրը` Կարո Զորյանը:
Խանասորի արշավանքը կատարյալ հաղթական ավարտ ունեցավ: Այն ռազմական հաղթանակից զատ մեծ բարոյական նշանակություն ունեցավ և շատ ոգևորեց համայն հայությանը: Մինչ Խանասորի արշավանքը հայ շինականն իրեն շարունակ զոհի կարգավիճակում էր զգում և հավատ և հույս չուներ, թե երբևէ կարող է ազատագրվել թուրքական ու քրդական կեղեքումներից: Հենց Խանասորը կոտրեց հայ աշխատավորի ու շինականի մեջ ձևավորված կարծրատիպը, թե հայը չի կարող զենքով ազատություն գտնել: Արշավանքը զսպաշապիկի դերակատարություն ունեցավ քրդական մյուս ցեղերի համար, որոնք առավել զգույշ դարձան և հայ-թուրքական հակամարտության մեջ հետայսու հիմնականում չեզոք դիրք բռնեցին: Քուրդ ցեղապետները հասկացան, որ հետայսու իրենց սպասում է Շարիֆ բեյի ճակատագիրը` փախուստ կանացի հագուստներով, կամ մահ` հայ ֆիդայու արձակած գնդակից: Առհասարակ, իր պայքարում հայությունը դաշնակցության առաջնորդությամբ, միշտ ցանկանում էին քրդերին իրենց կողմը պահել` միասնաբար պայքարելու թուրքական բռնապետության դեմ: Եթե անգամ դա չէր հաջողվում, խնդիր էր` քրդական ցեղախմբերի չեզոքությունն ապահովելը, ինչը միշտ չէ, որ հաջողվում էր: Հետամնաց քրդերը, ովքեր դեռևս ազգային ինքնագիտակցության զարթոնքի չէին հասել, հեշտությամբ էին տրվում սուլթանական կառավարության սադրանքներին և կոտորում անմեղ հայ բնակչությանը: Դառնալով խաղալիք օսմանյան կառավարիչների ձեռքին` քրդական տարրը իսկական պատուհաս էր դարձել հայ բնակչության և հայոց ազատագրական պայքարի գլխին:
Խանասորի արշավանքի ժամանակ հայ ֆիդայիները առաջին անգամ կռիվներում փորձարկեցին և օգտագործեցին ռուսական ՙՄոսին՚ հրացանները, որի արդյունքը քրդերը զգացին սեփական մաշկի վրա:
Խանասորի արշավանքի թերևս ամենամեծ արդյունքն այն էր, որ փաստորեն, մաքրվեց Սալմաստից Վան տանող ճանապարհն ու ֆիդայիները հետայսու հեշտությամբ կարող էին զենք-զինամթերք տեղափոխել Երկիր:
Այնքան մեծ էր հայերի ոգևորությունը Խանասորից հետո, որ երկար ժամանակ հայերի համար Ավարայրի փոխարեն պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ դարձավ հենց Խանասորը:
Հետագայում արշավանքի մասնակից ֆիդայի Գալուստ Ալոյանը (Դերվիշ Թորոս) նոր երգ հեղինակեց Խանասորի արշավանքի մասին.
Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը,
Ֆետայիներ Դաշնակցական, վրէժ առան հովտումը….
Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,
Խանասորայ Կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ:
Հայեր յիշէք նուիրական այս օրը,
Յուլիս ամսոյ քսան հինգին
Կատարեցէք մեր տօնը:
Սոսկաց քիւրտը՝ լեղապատառ Մազրիկցին,
Չէր երազեր ջնջուել ի սպառ քաջ ֆետայու գնդակէն:
– Եամա՛ն, Աստուած, ֆետան եկաւ, ո՞ւր փախչինք,
Ըսաւ որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրտուհին:
– Մի՛վախենար, հանգիստ կեցիր, պաճի ճան,
Կանանց երբեք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆետան: