Ուժեղացված ծառայության ընթացքում 2017 թվականի մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նախորդ տարի նույն օրը, հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։
Հաշվի առնելով նախորդ տարվա մարտի 8-ի ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկությունը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հորդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Այդ իսկ պատճառով նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը՝ 17-ով։