www.ancient-origins.net կայքը, որ մասնագիտացած է հնագիտական նորագույն հայտնագործությունները լուսաբանելու ոլորտում, հետաքրքիր հոդված է տպագրել հին հայկական մայրաքաղաք Անիի մասին: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
Պատմության մեջ առաջին անգամ գիտական աշխարհը ուշադրություն է դարձնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայկական Անի քաղաքի (գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին) ստորգետնյա գեղատեսիլ աշխարհին:
«Հյուրիեթ» օրաթերթը գրում է, որ հետազոտողներ, գիտնականներ, ակադեմիկոսներ են մասնակցել Կարսում տեղի ունեցած սիմպոզիումին՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրով, քննարկելու համար քաղաքի ստորգետնյա աշխարհը, որը հին ձեռագրերում հիշատակվել է որպես հինմիջագետքյան գաղտնի դպրոցի գտնվելու վայր:
Տեղաբաշխված լինելով Ախուրյան գետի ափին գտնվող բլրի վրա` Անին Հայաստանի մայրաքաղաքներից ամենահայտնին է: Հռչակավոր իր վեհաշուք եւ պատկառազդու կերպարի համար` Անին հայտնի էր որպես հազար եւ մեկ եկեղեցիների եւ քառասուն դարպասների քաղաք: Իր լավագույն ժամանակներում Անին ազդեցությամբ եւ չափերով մրցակցում էր Կոնստանտինոպոլիսի, Բաղդադի եւ Կահիրեի հետ: 11-րդ դարում Անիի բնակչությունը աճել հասել էր հարյուր հազարի: Ավելի ուշ այն պիտի դառնար մրցակից կայսրությունների բախումների մարտադաշտ, ինչը հանգեցրեց նրա ավերմանն ու ամայացմանը:
Այսօր հարյուրավոր հնագույն եկեղեցիներ, զրադաշտական տաճարներ ու տարբեր շենքեր՝ մեծամասնությունը ավերված, սփռված են խորդուբորդ ու լքված տարածքների վրա: Պեղումները բացահայտել են, որ այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, առնվազն Բրոնզե դարից, բայց Անիի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է Ք.Ծ. 5-րդ դարին: 8-րդ դարի վերջում Անին իր մերձակա տարածքների հետ հայտնվեց Բագրատունիների հարստության հսկողության տակ: Քաղաքը սկսեց աճել Ք. Ծ. 961 թվականից, երբ Բագրատունի Աշոտ 3-րդ թագավորը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի: Ընդամենը 40-50 տարվա ընթացքում Անին փոքրիկ ամրոցից վերակերպվեց-դարձավ մեծ միջնադարյան քաղաք:
1880 թվականն էր, որ «Ընդհատակյա Անին», ինչպես տեղացիները կոչում են այն, առաջին անգամ հայտնաբերվեց: Գեւորգ Գյուրջիեւը, ով իր մանկության ու պատանեկության մեծ մասն անց էր կացրել Կարսում, Պողոսյան ազգանունով իր ընկերոջ հետ ճեղք նկատեց գետնի վրա: Նրանք սկսեցին փորել եւ հայտնաբերեցին մի նեղ անձավ: Դա դարձավ աննկարագրելի հայտնագործության սկիզբը. գաղտնի ջրագծեր, անհայտ վանականների խցեր, աղոթքի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների ցանց, որոգայթներ եւ փակուղիներ հայտնաբերվեցին հին հայկական Անի քաղաքի ավերակների տակ:
Սենյակներից մեկում Գյուրջիեւը մագաղաթի մի կտոր հայտնաբերեց: Թեեւ նա շատ լավ հասկանում էր հայերեն, մեծ դժվարություններ ունեցավ մագաղաթի գրվածքը կարդալու հարցում: Ինչպես հետագայում պարզվեց, գրվածքը Հայոց հին լեզվով էր՝ առաջին նշանը, որ Անիի ստորգետնյա աշխարհը չափազանց հին է: Որոշ ժամանակ անց Գյուրջիեւը կարողացավ վերծանել գրվածքի իմաստը: Նա պարզեց, որ դա մի վանականի գրած նամակ է՝ մեկ ուրիշ վանականի: Գրվածքի համաձայն, այս վայրում եղել է հնագույն Միջագետքյան գաղտնի (էզոթերիկ) դպրոց:
Գյուրջիեւը իր հայտնագործության մասին պատմել է ամսագրում: Նա գրում է. «Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին: Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը. «Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում եւ հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են եւ տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա», ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով:
Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերխավաթ» կոչվող գրքում: Սարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որ ավանդույթի համաձայն, հիմնադրվել է Ք.Ծ.Ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում: Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչեւ Ք.Ծ. 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում: Բայց նրա հետագա գոյության մասին որեւէ մեկը որեւէ տեղից որեւէ տեղեկատվություն չուներ: Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների եւ ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»:
«Գյուրջիեւի՝ 135 տարի առաջվա հայտնագործությունները չէին հաստատվում մինչեւ 1915 թվականի պեղումները: Տարիներ անց, իտալացի հնագետների խումբը հաստատեց, որ այդտեղ վանական համալիր է եղել»,- ասում է պատմաբան Սեզայ Յազիչին, ով ելույթ է ունեցել Կարսի սիմպոզիումի ժամանակ: Այդ ժամանակներից Անիի ստորգետնյա տարածքների նոր շերտեր են բացահայտվել: Յազիչին ասում է, որ ստորերկրյա կարեւորագույն կառույցների թվում են «Գիդեն Գելմեզ» անվանակոչված թունելը, Ընդհատակյա Անին եւ Գաղտնի դուռը: Ընդհանուր առմամբ, այս պահին 823 ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել Անիում, ներառյալ բնակարաններ, պահեստներ, մթերային խանութներ, վանքեր, մատուռներ, ալրաղացներ, ախոռներ, ջրամբարներ: Յազիչին պնդում է, թե ժամանակն է, որ աշխարհը լրջորեն ուսումնասիրի Անիի ընդհատակյա աշխարհը եւ անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություններ կազմակերպել այդ վայրում: Կարսի սիմպոզիումը առաջին քայլ էր այդ նպատակին հասնելու ճանապարհին: