Արևմտահայերենը կամ գրաբարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է վտանգված լեզուների շարքում, արդեն իսկ ներառվել է հանրակրթական մի քանի դպրոցների առարկայացանկում: ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ արև մտահայերենը ներառված է երաշխավորված առարկայացանկում, սակայն հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա չի ուսուցանվում:
«Դպրոցներ կան, որոնք աշակերտների կարիքները հաշվի առնելով և համապատասխան մասնագետներ ունենալու պարագայում դասավանդում են առարկան»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե առարկան նախարարի հրամանով ընդգրկված է երաշխավորված առարկայացանկում, ապա դպրոցն առանց Կրթության և գիտության նախարարությանը տեղյակ պահելու կարող է վերցնել և դասավանդել այդ առարկան:
Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում գրաբարի դասընթացներին աշակերտները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում:
Դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցում գրաբարի դասընթացներին երեխաները հաճախում են կամավորության սկզբունքով, և հիմնականում մասնակցում են ավագ դպրոցի հումանիտար հակումներ ունեցող աշակերտները: «Հետաքրքրությունն ու ոգևորությունը երեխաների շրջանում բավական մեծ է: Քանի որ ինքս էլ բանասեր եմ և շատ սիրում են գրաբար լեզուն, սկսեցինք դասավանդել մեր դպրոցում: Խթան հանդիսացավ նաև Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Գրաբարյան օրեր» ծրագիրը»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում գրաբարը ներառվի դպրոցի պարտադիր առարկայացանկում, Հովակիմյանը նշեց, որ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ, քանի որ դպրոցը բնագիտամաթեմատիկական ուղղվածության է: «Այս դեպքում ես չգիտեմ, թե որքանով նպատակահարմար կլինի գրաբարը ներառել ուսումնական պլանում, սակայն գրեթե բոլոր ավագ դպրոցներում գրաբարի դասընթացներ անցկացվում են` թե պարտադիր և թե կամավոր սկզբունքով»,- հավելեց տնօրենը:
Դպրոցներում «Գրաբար» առարկան անցկացվում է էլեկտրոնային դասագրքերի միջոցով, որոնք կազմել են համապատասխան մասնագետները:
Գրաբարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ ներառվել է 2010 թվականին:
Խոցելի լեզուների նվազող կենսունակությունը չափող վտանգվածության մակարդակները որոշվում են հիմնականում լեզվի միջսերնդային փոխանցմամբ, այնպիսի գործոններով, ինչպիսիք են լեզուն կրողների բացարձակ թվաքանակը կամ ընդհանուր բնակչության մեջ լեզվի օգտագործողների համամասնությունը: Լեզուն համարվում է վերացած, երբ որոշ ժամանակահատված այն սերունդներին չփոխանցելուց հետո նրա կրողներ այլևս չեն լինում:
Արևմտահայերենը՝ որպես գրական լեզու, պահպանվել է հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում և հայկական այն գաղթօջախներում, որտեղ հայկական ստվար խումբ է եղել: 1978 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո վտանգվեց արևմտահայերենի կարգավիճակն այդ երկրում. շատ լիբանանահայեր արտագաղթեցին այլ երկրներ: