«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում, այժմ նրանց պետք չի լինի փաստագրական հաստատում այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին:
Բանն այն է, որ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Օրինագծով առաջարկվում է «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։ Օրենքի նախագիծը դեռ քննարկվում է համապատասխան հանձնաժողովներում և շուտով կքննարկվի նաև ՌԴ Պետդումայում։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծը շուտով հնարավոր է օրենքի տեսք ստանա, և մեծ հաշվով նորություն չէ, քանի որ Ռուսաստանը տարիներ շարունակ իրականացնում էր «Հայրենադարձների» հայտնի ծրագիրը։ Այդ ծրագրով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, և ոչ միայն, դառնում էին ՌԴ քաղաքացի։ Իրավապաշտպանի խոսքով, սակայն, նոր նախագիծն էլ ավելի է դյուրինացնում ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը, իսկ դա Հայաստանի համար լուրջ վտանգներ է ներկայացնում։
«Պարզ է, թե Ռուսաստանը ինչի համար է այդ օրենքն ընդունում։ Ռուսաստանը շահագրգռված է իր հսկայական չբնակեցված տարածքները բնակեցնելու հարցով։ Իր դեմոգրաֆիկ խնդիրն է լուծում։ Պարզ է նաև, որ Ռուսաստանում այդ ծրագիրը մշակելիս միայն Հայաստանին նկատի չեն ունեցել, բայց Հայաստանի համար դա շատ լուրջ խնդիր է»,- 1in.am-ին ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների՝ այս տարիներին վարած ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության արդյունքում կրիպտոկրատ իշխանության պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց հայրենիքը։
«Սա ևս մեկ առիթ է։ Մարդիկ ոչ թե ցանկանում են հեռանալ Հայաստանից, այլ ստիպված են հեռանում, արտագաղթում։ Իսկ Ռուսաստանը օգտվում է այդ առիթից՝ էլ ավելի հեշտացնելով իր երկրի քաղաքացիություն ստանալու պայմանները։ Չի բացառվում, որ արտագաղթի հոսքն էլ ավելի արագանա։ Այդ առումով Ռուսաստանը օգտվում է Հայաստանի, Ուզբեկստանի, նախկին ԽՍՀՄ անդամ երկրների վիճակից, որպեսզի լուծի իր խնդիր, քանի որ բնական է, որ Անգլիայից, Ֆրանսիայից կամ Գերմանիայից մարդիկ չեն գալու ՌԴ-ում ապրեն և բնակեցնեն Սիբիրը։ Բայց Հայաստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից հաստատ կգնան»,- եզրափակեց իրավապաշտպանը։