«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերային շատերի համար անակնկալ էր դերասան Արտաշես Մխիթարյանին տեսնել կնոջ հետ: Դերասանի ամուսնության մասին քչերը գիտեին, իսկ գաղտնիության մասին և ոչ միայն Արտաշեսն առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
«Արդեն յոթ ամիս է, ինչ ամուսնացած եմ: Ինչ վերաբերվում է գաղտնիությանը, պետք է ասեմ, որ ինքս այդ մասով հատուկ քայլերի չեմ գնացել, թեև իսկապես չեմ սիրում, երբ անձնականս շատ է քննարկվում: Նախորդ տարի օգոստոսին կայացավ մեր հարսանիքը, ընդ որում՝ կայացավ հայկական ավանդական կանոններով, եղել է հարսանեկան արարողություն և այլն, այսինքն՝ գաղտնի ամուսնություն չի եղել, պարզապես այդ ամենը համընկավ արձակուրդների շրջանի հետ ու ներկաներն էլ միայն մտերիմներն էին: Իրականում սա ոչ թե գաղտնիություն է, այլ բնավորություն: Կարծում եմ, երբ հանրային մարդ ես ու քո մասին առանց այն էլ կարող են շատ խոսել, պետք է ընտանիքը մնա իր տեղում և միայն քոնը լինի, չենթարկվի հանրային քննարկման»,- նշեց Արտաշեսը:
Ի դեպ՝ Արտաշես Մխիթարյանի հետ կապված բարի լուրերը կրկնակի են. «Մենք արդեն բալիկի ենք սպասում, նա կծնվի ամռան երկրորդ ամսին: Իհարկե, սեռը գիտենք, բայց չեմ ցանականա նաև այդ մասին խոսել: Գերադասում եմ, որ Աստծո կամոք նրա ծնվելուց հետո նա անձամբ որոշի ցանկո՞ւմ է իր մասին խոսեն, թե՝ ոչ»,- հավելեց նա:
Դերասանը հրաժարվեց խոսել նաև կնոջ մասնագիտության մասին՝ նշելով, որ ապագայում գուցե կինն անձամբ ցանկանա պատմել իր մասին:
«Կինս մեր ոլորտից չէ, նա այն մարդն է, ում սիրում եմ»,- հարցին, թե ով է նա, ժպիտով պատասխանեց Արտաշես Մխիթարյանը: