Հայաստանում մեկնարկող ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկնարկող ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն

Մարտի 20-ին աշխարհի ֆրանկոֆոն համայնքը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի և «Ֆրանսիայի համը» միջոցառման կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն: Հրավիրվածների շարքում էին դեսպաններ, քաղաքական և մշակութային գործիչներ և այլն:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր ելույթում կարևորեց Հայաստանում ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունների անցկացումը, որոնք նրա խոսքով՝ դարձել են բարի ավանդույթ:

«Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում տոնվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Հայաստանը ակտիվություն է ցուցաբերում մանավանդ 2012 թվականից հետո, երբ ճանաչվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Միջոցառումների կազմակերպման հարցում համագործակցում ենք  մի շարք հայաստանյան գործընկերների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ Կանադա, Շվեյցարիա, Հունաստան, Լիտվա և Լիբանան»,- ասաց դեսպանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մարտի 15-ից 30-ը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 15 օրերը տոնական միջոցառումների շարքը: 15 օրերի ընթացքում անցկացվելիք միջոցառումներն անդրադառնալու են տարբեր ոլորտներին՝ կինո, հրատարակչություն, էկոնոմիկա և այլն: Այս տարվա կենտրոնական թեմա է ընտրվել նորագույն և թվային տեխնոլոգիաները, որին նվիրված է լինելու միջոցառումներից 5-ը՝ էլ-համբավին նվիրված համաժողով, համացանցի բառապաշարի վերաբերյալ ֆրանսերեն լեզվի մրցույթ, սմարթֆոնների համերգ և այլն:

2017 թ. Ֆրանկոֆոնիայի 15 օրերի ևս մեկ առանձնահատկությունն է Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը, որն անցկացվելու է մարտի 20-26-ը՝ ներառելով բազմաժանր  ֆիլմեր, կատակերգություններ, վավերագրական  ֆիլմեր և այլն:

Մարտի 21-ին Gout de France միջոցառմանը 5 մայրցամաքներից շուրջ 2000 ավագ խորհարարներ կներկայացնեն ֆրանսիական գաստրոնոմիան: Միջոցառմանը կմասնակցի  Երևանի 6  ռեստորան, որոնք ընդունելության ընթացքում ներկայացրին իրենց կողմից պատրաստված ուտեստներ:  Հատկապես  այս տարի միջոցառման շրջանակում ռեստորանային գործի մասնագետներ պատրաստող երկու՝ Երևանի ֆրանս-հայկական և Գյումրու Տիրամայր Հայաստանի  մասնագիտական վարժարանները կօգնեն դեսպանատան ավագ խոհարարին ճաշեր և կոկտեյլներ պատրաստելու գործում: