Սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ. Աբել Աբելյանն՝ իր նորաստեղծ արվեստի դպրոցի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ. Աբել Աբելյանն՝ իր նորաստեղծ արվեստի դպրոցի մասին. life.panorama.am

Դերասան, ռեժիսոր և պորդյուսեր Աբել Աբելյանը Life.panorama.am-ին պատմել է, որ մի քանի օր է, ինչ «Աբելյան արվեստի դպրոցն» իր դռներն է բացել արվեստասերների համար: Մեզ հետ զրույցում նա մանրամասնել է դպրոցի կարևորության ու ծրագրերի մասին.

«Վերջին շրջանում իմ ողջ ուժերն ու միջոցները ներդրել եմ «Աբելյան արվեստի դպրոց»-ի հիմնման ու գործունեության վրա: Այստեղ բավականին լուրջ նախագծեր ենք իրականացնում և ապագայի համար էլ շատ ծրագրեր ունենք: Այս դպրոցն իր մեջ ներառում է նաև երկար ժամանակ գործող «Քասթինգ սքուլը»՝ Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Հիմա մեր առաջնահերթ խնդիրն է ակտիվացնել նորաստեղծ «Մանկական զարգացման ծրագիրը»: Միաժամանակ՝ մեր դպրոցն իր գործունեությամբ ամեն բան անելու է, որպեսզի օգտակար լինի արվեստագետներին. Մենք պատրաստ ենք անվճար ու անշահախնդիր կերպով ցուցահանդեսներ կազմակերպել օրինակ նկարիչների համար, ովքեր ունեն հիանալի գործեր, սակայն ցուցահանդեսի հնարավորություն չունեն, պատրաստ ենք երաժիշտների համար կրկին անվճար կազմակերպել փոքրիկ համերգներ: Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել նաև տարատեսակ համերգենրի կամ ներկայացումների փորձերի համար:

Այսինքն՝ սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ»,- պատմեց Աբել Աբելյանը:

Երվանդ Քոչար 17 հասցեում գտնվող «Աբելյան արվեստի դպրոց»-ն արդեն 20 օր է ինչ գործում է, բայց հստակ քայլերով փորձում է առաջ շարժվել՝ առաջարկելով խելամիտ ու շահեկան պայմաններ.

«Մեր դպրոցը զինված է նորաստեղծ տեխնիկայով, որոնք էլ ավելի շահեկան են դարձնում մեր աշխատանքը: Մեզ համար շատ կարևոր է «Մանկական զարգացման ծրագիրը»: Սա նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար, քանի որ իմ և շատերի խորին համոզմամբ՝ այս տարիքային փուլում երեխաները պարտադիր պետք է արվեստի որևէ ճյուղում կամ ճյուղերում ինքնադրսևորվեն: և անգամ կապ չունի՝ հետագայում նա կդառնա պատգամավոր, նկարիչ, թե տնտեսագհետ, միևնույն է, երեխայի մեջ արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրություն առաջացնելը օգտակար է հենց նրա ընդհանուր զարգացման ու դաստիարակության համար: Ի դեպ՝ խոսքը միայն իմ դպրոցի մասին չէ. Ծնողը պետք է գիտակցի սրա կարևորությունը և ընդհանրապես կապ չունի, թե որ արվեստի դպրոցը կընտրի իր երեխայի զարգացման համար»,- նշեց Աբել Աբելյանն ու շարունակեց.

«Մեր դպրոցում ընտրելով, օրինակ,,միայն պարը, երեխան կստանա գիտելիքներ նաև դերասանի վարպետության, երգեցողության, էթիկայի և այլ առարկաների մասին, ինչպես նաև կմասնակցի մանկական յոգային: Սա կօգնի, որպեսզի երեխան հետագայում ինքը որոշի, թե արվեստի, ո՞ր ճյուղն է առավել իրեն հետաքրքրում: Պետք է նշեմ մի շատ կարևոր հանգամանք ևս՝ մեզ մոտ առաջին երկու դասերը անվճար են. նման քաղաքականությունը դիտմամբ ենք մշակել, որպեսզի, եթե երեխան այլևս ցանկություն չունենա հաճախել, ծնողը անիմաստ գումար վատնած չլինի, իսկ առաջին երկու դասերի ընթացքում երեխան կհասկանա՝ ուզում է շարունեկել, թե՝ ոչ: Սա կօգնի նաև մեր դասախոսներին հասկանալու, թե երեխան, ո՞ր ճյուղին է ավելի համապատասխան»:

Մեզ հետ զրույցում Աբել Աբելյանը խոսեց նաև դպրոցի գնային քաղաքականությունից.

«Ուսումնասիրելով շուկան՝ պետք է փաստեմ, որ մեզ մոտ գները բավականին մատչելի են: Մենք ունենք երկու փաթեթ՝ 12.000 և 15.000 դրամ, դասերը շաբաթը երեք անգամ են՝ 1.5 ժամ տևողությամբ: Մենք ունենալու ենք պրակտիկ դասեր ևս, նաև պարբերաբար համերգներ կկազմակերպենք, ինչը էլ ավելի հետաքրքիր կլինի երեխաների համար»,- հավելեց նա:

Զբաղված լինելով իր համար այս կարևոր աշխատանքով՝ Աբել Աբելյանը նշեց նաև, որ որպես դերասան ներկայանալն իր համար այժմ այնքան էլ կարևոր չէ, թեև իր լավ առաջարկից ևս չի հրաժարվի:

«Դերասանի համար ինքնաարտահայտվելը շատ կարևոր է, բայց քանի որ իմ դպրոցում նաև դասավանդում եմ, այդ խնդիրն ինքնաբերաբար չեմ ունենում: Ինձ համար հիմա շատ ավելի կարևոր է դպրոցիս ու մեր ուսանողների հաջողությունը: Ես մեծ հաճույք եմ ստանում, երբ տեսնում եմ իմ ուսանողին եթերում, զանգում եմ, շնորհավորում, գուցե ուղումներ անում»,- նկատեց նա:

Միաժամանակ՝ Աբել Աբելյանը նպատակ ունի առաջիկայում անձամբ ֆիլմ նկարահանել.

«Իհարկե, ապագայի համար մտքեր ունեմ ֆիլմ նկարահանել: Բայց փորձում եմ քայլ առ քայլ առաջ շարժվել, քանի որ միաժամանկ մի քանի լայնածավալ նախագիծ իրականացնելիս՝ հաստատ մի կողմը կտուժի: Մեր դպրոցում կա ռեժիսորական, օպերատրական բաժիններ ևս, այնպես որ հետագայում մեր մասնագետների, դերասանների հետ շատ աշխատանք ունենք իրականացնելու: Առաջ Աստված՝ ես ամեն ինչ անում եմ լավ արդունք ունենալու համար»,- ավարտեց Աբել Աբելյանը:

 



Նման նյութեր