Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են ի նշան Լոնդոնի հետ համերաշխության
Advertisement 1000 x 90

Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են ի նշան Լոնդոնի հետ համերաշխության

Վերջերս ահաբեկչական գորողություններից տուժած արևմտաեվրոպական երկրների ղեկավարները Բրիտանիայի հետ համերաշխություն են հայտնել Լոնդոնի կենտրոնում իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ին:

Փարիզի քաղաքագլուխը կարգադրել է տեղական ժամանակով կեսգիշերին մարել Էյֆելյան աշտարակի լույսերը ի նշան Լոնդոնում տուժածների հետ համերաշխության, որոնց թվում եղել են ֆրանսիացի դպրոցականներ:

Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտարարել է Բրիտանիայի հետ համերաշխության մասին և խոստացել աջակցություն ցուցաբերել բրիտանական խորհրդարանի մոտ ահաբեկչական գործողության ընթացքում տուժած ֆրանսիացիներին ու նրանց ընտանիքներին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ ֆրանսիացիները հասկանում են, թե այժմ ինչ են զգում բրիտանացիները: Անցյալ տարվա հուլիսի 14-ին Նիսում Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ բեռնատարը առափնյակում վրաերթի ենթարկեց մարդկանց բազմությանը, ինչի հետևանքով զոհվեց 84 մարդ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկրում դեկտեմբերին համանման ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, երբ բեռնատարը Բեռլինում մխրճվեց սուրծննդյան տոնավաճառի բազմության մեջ, ասել է, որ մտովի Լոնդոնի բնակիչների կողքին է և ցավակցում է բրիտանացիներին:

Իրենց համերաշխությունն ու ցավակցությունն են հայտնել նաև  պետությունների ու կառավարությունների այլ ղեկավարներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Բրիտանիային իր աջակցության մասին:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցածը համարել է հարձակում ամբողջ աշխարհի ազատության և ժողովրդավարության վրա:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կանադացիները բրիտանացիների հետ ուս-ուսի կանգնած են ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

 



Նման նյութեր