«Ես իրեն ասել եմ՝ այ տղա, ի՞նչ ցուցակ, ձայնագրություն կոչվածը զավեշտ է»․ Գյումրու թիվ 3-րդ դպրոցի տնօրեն. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ես իրեն ասել եմ՝ այ տղա, ի՞նչ ցուցակ, ձայնագրություն կոչվածը զավեշտ է»․ Գյումրու թիվ 3-րդ դպրոցի տնօրեն. aravot.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած 114 ձայնագրությունների մեջ, որոնցում ներկայանալով Հանրապետական կուսակցության շտաբից՝ զանգահարում են դպրոցների տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին ու  հարցուփորձ անում ՀՀԿ-ի օգտին հավաքագրվող ցուցակների մասին, կա նաև Գյումրու թիվ 3-րդ ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանի հետ զրույց։ Վերջինս հեռախոսազրույցում խոստովանում է, որ կոնկրետ ինքը չի զբաղվում  ցուցակներով, հանձնարարել է մի քանի հոգու, որոնք դրանով զբաղվում են։

Aravot.am-ը Կարեն Դարբինյանին հարցրեց, թե ո՞ւմ է հանձնարարել ցուցակներով զբաղվել։  Վերջինս,  շատ զայրացած համացանցում տեղադրված ձայնագրությունից, ասաց․ «Նման բան չի եղել, այդ խոսակցությունը, որը գցել է, ես իրեն բառացիորեն ասում եմ, որ ես համարվում եմ ընտրական հանձնաժողովի նախագահ։Հանձնաժողովի անդամներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, դիմում է տվել, դուրս եկել, խոսակցությունը եղել է այս մասին ու նաև նոր անդամի ընտրության կարգ է եղել, ես սա եմ ի նկատի ունեցել։ Զավեշտալի ձևով ինչ ապուշություններ է դուրս տվել»։

Մեր ճշտող հարցին՝ ձեզ հարց չի՞ ուղղվել ցուցակներից, դպրոցի տնօրենն ասաց․ «Ես բացել ու նորից մանրակրկիտ լսել եմ ձայնագրությունը, ես իրեն ասում եմ՝ ես ընտրական հանձնաժողովի նախագահ եմ, ես ցուցակների հետ չեմ տալիս-առնում։ Իմ ասելն ու իր ներկայացնելը բացարձակ իրար չեն համապատասխանում։ Եվ հետո իր ձայնը չի լսվում, ես իրեն ասել եմ՝ բարձր խոսի, տեսնեմ ո՞վ ես, ընդհանրապես ցուցակից չեմ խոսել, ցուցակը ո՞րն է, ես դրանից տեղյակ էլ չեմ։ Ինչ ցուցակի մասին է խոսքը գնում»։

Դուք չե՞ք ասել, որ հանձնարարե՞լ եք մի քանի հոգի զբաղվեն ցուցակներով, մեր հարցին Կարեն Դարբինյանը պատասխանեց․«Ի՞նչ հանձնարարել, ո՞վ է այդպիսի բան ասել, դա բացառապես զրպարտություն է։ Ես, այո, Հանրապետական եմ, պահելու բան չունեմ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Զրպարտել է ինձ, բա որ ես էլ դիմեմ, թե բռնեք դրան, պատասխանատվության ենթարկեք, մարդուն զրպարտել կլինի՞։ Ի՞նչ ցուցակ, ես ընտրական հանձնաժողովի նախագահ եմ, իմ անդամի ինքնաբացարկի մասին է խոսք եղել, ինքը զանգահարում, չգիտեմ ինչ Գևորգյան Արմինեից է խոսում, ես ունեմ Գրիգորյան Արմինե: Էդ մարդը եկել էր իմ մոտ, ես մտածեցի՝ Հանրապետականի շտաբից զանգահարեցին ու հենց այդ մասին պիտի խոսեին, որ փոփոխեին, ուրիշ մարդ նշանակեն։ Թե չէ՝ ի՞նչ ցուցակ, ամբողջ կոլեկտիվս կարող է գալ, վկայել, որ ոչ մեկին ոչ մի անգամ չեմ ասել, թե ցուցակ եմ հավաքագրում, ի՞նչ ցուցակի մասին է խոսքը։

Ընտրական հանձնաժողովից բացի, ես իմ ընտրողներիցս բացի, որևէ մեկ այլ ցուցակի մասին խոսակցություն չի եղել ու չէր էլ կարող լինել։ Անկախ կուսակցական պատկանելությունից՝ դպրոցում էլ գիտեն իմ պարկեշտությունը, օրենքը ինձ համար վեր է ամեն ինչից։ Լինելով Հանրապետական, նույնիսկ մի անգամ չեմ ասել՝ վայ, գիտես Հանրապետականը սա արեց, նա արեց։ Ժամը 6-ից հետո յուրաքանչյուր մարդ ունի քաղաքական կողմնորոշումը, կարող է զբաղվել քաղաքականությամբ, բայց ոչ աշխատանքային ժամերին։ Ես երբեք չեմ զբաղվի այնպիսի գործունեությամբ, որն առաջին հերթին կվնասի ինձ, հետո հանրային շահը։

Ես այն քաղաքական թիմի մարդն եմ, որը հստակ պատկերացնում է, թե ինչի մասին է խոսքը: Էսօր մարդիկ ընկած են զրպարտության հետևից, էսօր մարդիկ ամեն ինչ անում են, որ կուսակցությանը վարկաբեկեն, թեև իրենք ով են այս կյանքում, իրենց ապրած կյանքով ի՞նչ են ներկայացնում։ Ես որևէ աշխատակցի ոչ մի բան չեմ ստիպում, ամոթ էլ է։ Ձայնագրություն կոչվածը զավեշտ է, ամեն ինչ ֆռռացնում է, որ ի շահ իրեն լինի, թեև ես իրեն ասում եմ՝ ոչ մի ցուցակից տեղյակ չեմ, սխալ ես ու շատ քաղաքավարի։ Ես այդ թեմայի մեջ չկամ, բացեք, նորից լսեք, սաղ հանրապետությունն էլ բացում, լսում է, հիմա ինչ որ ձեզ եմ ասում, նույնն այնտեղ եմ ասել։ Ասում եմ՝ այ տղա, ի՞նչ ցուցակ, ես նմանատիպ գործունեության հետ գործ չունեմ, ու ասում եմ՝ Գևորգյան Արմինե կոչվածը գոյություն չունի»։