«Եվրատեսիլ 2017»-ում հայաստանյան ներկայացուցչի՝ Արծվիկ Հարությունյանի «Fly with me» երգի ու տեսահոլովակ մասին կարծիք լսելու նպատակով Life.panoarama.am-ը խոսել է երգչուհի Ինգա Արշակյանի հետ, ով եվրատեսիլյան բեմում երկու անգամ ներկայացրել է Հայաստանը:
Մեզ հետ զրուցելիս Ինգան նկատեց, որ «Եվրատեսիլ 2017»-ում հայաստանյան պատվիրակը յուրօրինակ երգով է ներկայանալու.
«Ամեն տարի էլ քննադատություններ լինում են, որովհետև յուրաքանչյուրն ունի իր կարծիքը և համացանցն էլ հնարավորություն է տալիս կարծիք արտահայտելու: Ըստ իսկ՝ երգը ինքնատիպ է, յուրօրինակ. նման երգ Հայաստանը դեռևս չի ներկայացրել «Եվրատեսիլ»-ում: Թե ինչպե՞ս հանդիսատեսը այն կընդուն, ցույց կտա ժամանակն ու հենց մրցույթը»,- նշեց Ինգան և դժվարացավ ասել՝ արդյոք «Fly with me» երգը մրցունակ կարող է համարվել եվրոպական հանդիսատեսի համար.
«Այս հարցին կդժվարանամ պատասխանել, քանի որ դրա պատասխանը ունի հենց եվրոպական հանդիսատեսը: Այս պատասխանից ձեռնպահ կմնամ»,- հավելեց նա:
Հարցին, թե արտիստի վրա ինչպե՞ս են անդրադառնում բացասական մեկնաբանությունները, պատասխանեց.
«Երբ ես էի ներկայանում «Եվրատեսիլ»-ում, երկու անգամն էլ առհասարակ չէի մտնում համացանց ու ընդհանրապես ոչ մի տեսակ մեկնաբանություն չէի կարդում: Անգամ իմ մտերիմներին էի ասում, որ ինձ ոչինչ չփոխանցեն, որովեհետւ իսկապես ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները, հատկապես, որ կոկորդի վրա հուզմունքն անմիջապես է անդրադառնում: Ինձ բավարար էին մտերիմներիս ու պորֆեսիոնալների կարծիքները: Անշուշտ, պետք է լինեն նաև բացասական կարծիքներ, բայց այդ պահին արտիստը ոչ մի բացասական բան չպետք է լսի ու կարդա՝ խուսափելու համար հոգեբանական ծանր վիճակից, որը կարող է փչացնել ելույթը: Խորհուրդ կտամ՝ չմտածել հաղթանակի կամ եվրոպական հանդիսատեսի կարծիքի մասին, փոխարենը կենտրոնանանլ լավ կատարման վրա, մտածենք այն ծանր բեռի մասին, որը դրված է արտիստի վրա: Չէ որ Արծվիկը ներկայացնելու է մի ողջ պետություն, իսկ բացասական մեկնաբանություններով մենք կարող են ազդել նրա կատարման վրա»:
Մեկնաբանությունների շարքում նշվում է, թե անիմաստ է Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլում», քանի որ այն քաղաքական ենթատեքստ ունի, որի վրա մեծ գումարներ են ծախսվում: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ Ինգան նկատեց.
«Ինչ խոսք, անիմաստ է այսքան կարևորություն տալ ու հայոց հարց դարձնել այս մրցույթը: Միաժամանակ՝ ամեն մրցույթ էլ արտիստի համար հարթակ է, որտեղ կարելի է ներկայանալ ու ներկայացնել երկրիդ այն հետաքրքիր լուծումը, որը գուցե չի գտել Եվրոպան: Կոնկրետ ինձ համար այս մրցույթում ֆոլկլորային տարրերով ներկայանալը կարևոր է, բայց այնուամենայնիվ, «Եվրատեսիլ»-ը հարթակ է, որտեղ կարող ես նորարություններ ներկայացնել: Իսկ թե իմաստ ունի՞ այդքան գումար ծախսել, կամ առհասարակ մասնակցել այս մրցույթին, արտիստը չի որոշում: Մեզ հրավիրում են, մենք էլ սիրով մասնակցում ենք, քանի որ մեզ համար շատ կարևոր է նման մեծ բեմերում ելույթ ունենալը, որովհետև միջազգային շուկա դուրս գալու այլ ճանապարհ երբեմն չկա: Այս պարաագյում ինքս ուրախ եմ, որ Եվրոպայում ապրող մեր հայերի համար «Եվրատեսիլ»-ը փոքրիկ տոն է դարձել, երբ կարելի է այդ օրը հավաքվել ու սրտացավորեն հոգի և քվեարկելով՝ դրամ տալ մեր երկրի համար»:
Զրույցի վերջում Ինգա Արշակյանը նաև հաջողություն մաղթեց Արծվիկին.
«Արծվիկը շատ լավ աղջիկ է ու իսկապես հայուհի է, չնայած նրան, որ ապրում է դրսում: Նա կարողացավ հավաքել իր ուժերն ու խիզախեց ներկայանալ այս կարևոր մրցույթում: Նրան հաջողություն եմ մաղթում, որպեսզի ամենակարևորը չհուզվի և ներկայանա լավագույնս, որը նա կարող է անել»,- ավարտեց Ինգա Արշակյանը: