«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորվածներից մեկի ինքնությունը հայտնի է: «ՀԺ»-ին հաջողվեց պարզել, որ գործով կալանավորված մյուս անձը ՀՀ քաղաքացի, 56-ամյա Սանասար Բաղդասարյանն է: Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
– Պարոն Աղաջանյան, սույն քրեական գործի շրջանականերում ձեր պաշտպանյալին ի՞նչ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել:
– ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Հիմնականում գործով այս մեղադրանքն է, ուրիշ բան չկա:
-Առաջադրված մեղադրանքում ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ընդունո՞ւմ է այն:
– Իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչել: Անկեղծ ասած, ես որոշ հակափաստարկներ մեծ հաճույքով կներկայացնեի, բայց ես կաշկանդված եմ նախաքննական տվյալներ հրապարակելու պարտավորությամբ, հակառակ դեպքում անպայման կներկայացնեի, որովհետեւ դրանք հաստատ կան: Իրականում ակնհայտ անհիմն, չպատճառաբանված մեղադրանք է ներկայացվել, որոշ առումներով անգամ հորինված մեղադրանք է: Ես ուղղակի կասեմ, որ թերթերում ինչ-որ վարկածներ են հրապարակվում, դրանք ընդհանրապես որեւիցե ձեւով չեն առնչվում քրեական գործին, զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ վերցված եւ ով է տարածում:
– Այսինքն՝ նկատի ունեք այն վարկածը՝ համաձայն որի Իգլայով պետք է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցվեր: Այդ վարկածը քրեական գործով չկա՞:
– Այո, այո: Նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի:
– Ձեր պաշտպանյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել:
– Իբր հիմնավոր կասկած կա, իբրեւ թե իմ պաշտպանյալն անօրինական ազդեցություն կգործի ինչ-որ անձի, կամ անձանց վրա, բայց ապացույց չի բերվել: Հիմնավոր կասկածի բացակայություն կա, նրա խուսափելն ու խոչընդոտելու առումով որեւէ ապացույց չկա, ու այս հիմքերով արդեն դատարանի որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան:
– Պարոն Աղաջանյան, Սանասար Բաղդասարյանը ճանաչո՞ւմ է Սամվել Բաբայանին, ի՞նչ առնչություն ունի նրա հետ:
– Ես գիտեմ, որ ծանոթներ են: Իմ պաշտպանյալը բավական ավանդ ունի Արցախյան պատերազմում, այսինքն՝ մասնակցել է Արցախյան պատերազմին, մեծ հեղինակություն է վայելում: Ես ձեզ կասեմ մի հանգամանք, ինքն ընդհանրապես քաղաքականացված անձ չի, եւ երբեւէ՝ անգամ որեւէ մտադրություն կամ դիտավորություն չի ունեցել հայ քաղաքացու դեմ ինչ-որ գործողություններ անելու: Ինքն իսկական մարտիկ է:
– Սամվել Բաբայանի մարտական ընկերը հենց ձեր պաշտպանյա՞լն է:
– Հնարավոր է:
– Ասացիք, որ Սանասար Բաղդասարյանը քաղաքականացված անձ չէ: Այսինքն՝ դուք նույնպես համարո՞ւմ եք, որ ձեր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:
– Ինքը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, չկա այդ բնագավառում անգամ:
– Սանասար Բաղդասարյանը Երեւա՞նի բնակիչ է:
– Ոչ, ինքը հիմնականում գործունեություն է ծավալել Ռուսաստանում:
– Այսինքն՝ նաեւ ՌԴ քաղաքացի՞ է:
– Ոչ, ՀՀ քաղաքացի է, բայց բիզնեսներ ունի ՌԴ-ում: Անցած տարի եկել էր Հայաստան` մասնակցելու Ապրիլյան պատերազմին, իր պարտքը համարել, եկել էր: Մերթ ընդ մերթ գալիս է Հայաստան:
– Փաստորեն, մի քանի ամի՞ս է, ինչ Հայաստանում է:
– Այո:
– Ի վերջո, նա Իգլայի հետ ի՞նչ առնչություն ունի: Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել:
– Ես ուղղակի կասեմ, որ կոնկրետ մեղադրանքը անհիմն է ու չհիմնավորված, ու իմ պաշտպանյալը դրա հետ կապված իր հակափաստարկներն է ներկայացրել, ավել բան այս պահին չեմ կարող ասել:
– Ձեր պաշտպանյալը գործով ձերբակալված երրորդ անձին ճանաչո՞ւմ է:
– Անկեղծ ասած, չգիտեմ` նա ով է: Փաստորեն իրենք էլ (նկատի ունի նախաքննական մարմնին,-հեղ.) են հրապարկում, որ կան բազմաթիվ անձինք ու պատճառաբանում էին, որ հենց այդ անձանց վրա կարող է անօրինական ազդեցություն գործել իմ պաշտպանյալը:
– Ովքե՞ր են այդ անձինք:
– Հենց դա է, մենք էլ չգիտենք ու մեր բողոքարկման հիմքերից մեկն էլ դա է:
– Վկանե՞ր են, թե՝ գործով մեղադրյալ, գիտե՞ք:
– Չգիտենք` ովքեր են: Իրենք են վկայակոչում` առանց որեւէ ապացույց ներկայացնելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: