«Տղամարդկանց երկրորդ սիրտը»՝ շագանակագեղձը (պրոստատա)
Advertisement 1000 x 90

«Տղամարդկանց երկրորդ սիրտը»՝ շագանակագեղձը (պրոստատա)

Այս «թևավոր խոսքը» հաճախ կարելի է լսել հիվանդներից, բայց ոչ երբեք` բժիշկներից: Ըստ վերջին 20 տարիների վիճակագրության, պրոստատիտով հիվանդների քանակն աճել է մոտ 2 անգամ, իսկ այսօր այս հիվանդությամբ տառապում է մոլորակի 20-50 տարեկան տղամարդկանց մոտ կեսը: Իսկ ո՞րն է պատճառը։

Մասնագետներն այս հիվանդության առաջացման պատճառների 2 խումբ են առանձնացնում: Առաջինը` բիոլոգիական պատճառներն են: Աղտոտված էկոլոգիայի պատճառով մարդկանց դիմադրողականությունն ընկել է, ինչը նաև նպաստում է միկրոբների ակտիվ գործունեությանը: Երկրորդ խմբի պատճառները սոցիալական են, որտեղ նշվում է միայն ազատ սեռական հարաբերությունների քանակի աճը:

Բանն այն է, որ պրոստատիտը` շագանակագեղձի բորբոքումը, չհետևելու դեպքում, ժամանակի ընթացքում կարող է վերածվել բարորակ ուռուցքի` ադենոմայի, որը ստիպված են լինում հեռացնել վիրաբուժական ճանապարհով: Շագանակագեղձի ադենոմայի հեռացման հետևանքով հնարավոր է պոտենցիայի անկում, որը խիստ խուճապ է առաջացնում հիվանդի մոտ: Նրանք մտածում են, որ հնարավոր է, ամբողջ գեղձն է հեռացվել: Արդյունքը հոգեբանական ցնցումն է, որն իսկապես կարող է վերջ դնել սեռական կյանքին: Իհարկե, այդ օրգանը տղամարդկանց համար կարևորագույն դեր է կատարում, քանի որ շագանակագեղձը ոչ միայն կարգավորում է տեստոստերոնի` տղամարդկանց կարևորագույն սեռական հորմոնի քանակն օրգանիզմում, այլև կատարում է հորմոնի ստեղծման ֆունկցիան:

Ինչպե՞ս է սկսվում պրոստատիտը

Այս հիվանդության նախանշանները նկատելիս, պետք է հասկանալ, որ բորբոքային պրոցեսը վաղուց է սկսվել, քանի որ այս հիվանդությունը հիմնականում գաղտնի ընթացք է ունենում: Հիվանդության զարգացմանը նպաստող գործոններից են` կանոնավոր սեռական հարաբերությունների իսպառ բացակայությունը կամ խանգարումները, ցածր դիմադրողականությունը, արական-սեռական հորմոնների մակարդակի իջեցումը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (դրանք կարող են չլինել վեներական հիվանդություններ), քիչ շարժուն կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը, մրսածությունը, սթրեսները, ոչ լիարժեք սեռական հարաբերությունները, անոթների կամ արյան տարբեր տեսակի պաթոլոգիաներն ու տարբեր հորմոնային խանգարումները: Իհարկե, այս դեպքում ճիշտ չէ խոսել միայն շագանակագեղձի բորբոքման մասին, քանի որ վարակի համար բաց «դուռ» կարելի է համարել նաև միզապարկը: Շագանակագեղձը օրգանապես ու գործունեությամբ կապված է միզասեռային համակարգի օրգանների հետ, այդ պատճառով էլ բորբոքային պրոցեսներն այս կամ այն չափով ներքաշում են միզապարկը, միզուկը, ուղիղ աղին, աճուկային լիմֆատիկ հանգույցները:

Պրոստատիտի առաջին բնորոշ ախտանշաններն են հաճախամիզությունն ու դրա ցավոտ ընթացքը, որովայնի ներքևի մասում ցավը, միզածորաններում ծակոցների զգացողությունը, ցավի զգացողությունն օրգազմի պահին, օրգազմի որակի իջեցումը, վաղաժամ սերմնաժայթքումը կամ սերմնաժայթքման իսպառ բացակայությունը: Ըստ մասնագետների` պարտադիր չէ, որ այս բոլոր նշանները միասին ի հայտ գան:

Իսկ մեջքի ու ողնաշարի շրջանում ցավերը, ընդհանուր թուլությունը, ցածր աշխատունակությունը, անքնությունը, ընդհանուր գերզգայուն վիճակը թեև այնքան էլ հատուկ չեն պրոստատիտով հիվանդներին, բայց երբեմն նաև դրանք չեն բացառվում: Պրոստատիտով հիվանդանալու ռիսկային խումբ են համարվում` քիչ շարժուն կենսակերպով ապրող, նստակյաց մասնագիտությունների տեր մարդիկ, քրոնիկական փորկապությամբ տառապողները, միզասեռային համակարգի վարակիչ հիվանդություններով վարակները, տղամարդիկ, ովքեր թաշկինակի նման սիրուհիներ են փոխում, և նաև՝ ալկոհոլի սիրահարները:

Ժամանակի ընթացքում թերի բուժված պրոստատիտը կամ հիվանդության բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել բարդությունների, որոնցից մի քանիսը շատ լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Ինչպես վերը նշվեց՝ պրոստատիտը չի սահմանափակվում միայն շագանակագեղձի հիվանդությամբ, կարող են ախտահարվել նաև «հարակից» օրգանները: Եվ դրանք համարվում են ոչ թե պրոստատիտի բարդություններ, այլ` «ուղեկցող ախտանշաններ»: Իրական բարդությունները դրանց արդյունքում առաջացած հիվանդություններն են: Այդ բարդությունների թվին են պատկանում, օրինակ, շագանակագեղձում սկլերոտիկ փոփոխությունները: Այս դեպքում ախտանիշները հիվանդության ախտորոշման ակնհայտ հիմք չեն ծառայում, այսինքն` ախտանշանները լինում են այնպիսին, ինչպիսին զարգացած պրոստատիտի ժամանակ: Սկլերոտիկ փոփոխությունները հենց թերի բուժված պրոստատիտի հետևանք կարող են լինել: Այս դեպքում, որպես կանոն, շագանակագեղձի չափերը փոքրանում են: Իսկ փորձառու մասնագետը դա կարող է հայտնաբերել ընդամենը շոշափելու միջոցով, իսկ ավելի լավ կարելի է համոզվել ուլտրաձայնային ճառագայթման միջոցով: Շագանակագեղձի սկլերոտիկ փոփոխությունները բուժվում են այնքանով, որքանով այլ հյուսվածքներում տեղ գտած փոփոխությունները այլ, կերպ ասած` չեն բուժվում: Մասնագետները կարող են առաջարկել միայն վիրահատական միջամտություն, որից հետո սկլերոտիզացիայի պրոցեսները կրկին շարունակվում են:

Հաջորդ բարդությունը շագանակագեղձում առաջացած կիստան է: Բարդության շատ հազվադեպ ձև է: Սրա մասին թերևս չիմանային էլ, եթե չլիներ ուլտրաձայնագիրը: Այս դեպքում, կարելի է, ասել նկատվում է ախտանշանների բացակայություն, իհարկե, եթե կիստան բորբոքված չէ, բայց այն ևս զգալի բացասական ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա, քանի որ խորացնում է մազանոթային արյան կանգը: Իսկ բորբոքված կիստան կարող է առաջացնել շագանակագեղձի աբսցես:

Պրոստատիտի բարդություններից է՝ շագանակագեղձում քարերի առաջացումը: Բորբոքման ժամանակ շագանակագեղձում առաջանում են մանրադիտակային չափի քարեր: Հիվանդության զարգացմանը զուգընթաց` դրանց չափերը մեծանում են: Այդ քարերն ըստ իրենց ծագման լինում են 4 տիպի` ֆոսֆատային, որ առաջանում են ֆոսֆորաթթվային աղերից, ուրինային` միզային, թրթնջուկային և կալցիումային: Առաջին երեք ձևերն ինչ-որ կերպ կարող են հեռացվել խոտաբույսերի, թուրմերի կամ դեղամիջոցների օգնությամբ, բայց հաճախ գործը հասնում է վիրաբուժական միջամտության:

Շագանակագեղձի բորբոքման բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել անպտղության: Արդեն ասվեց, որ պրոստատիտը սեռական թուլության պատճառ կարող է դառնալ: Բակտերիաները, սնկերը, վարակները շատ բացասական ազդեցություն են ունենում սպերմատոզոիդների վրա, այսինքն` կորցնում են իրենց պիտանելիությունը: Բացի այդ, պրոստատիտի ժամանակ խանգարվում է շագանակագեղձի ֆունկցիան: Այս հիվանդության պատճառով առաջացած անպտղությունը տեսականորեն բուժելը դժվար է, բայց` հնարավոր: Պետք է միայն ընդունել համապատասխան պրեպարատները:

Պրոստատիտի բուժման համար առաջին հերթին պետք է դիմել մասնագետի, հակառակ դեպքում բարդություններն անխուսափելի են: Պետք է հիշել նաև, որ այս հիվանդության բուժման ընթացքը շատ երկար է տևում:

Սուսաննա Ազատյան