Ընտրող ջան, բարև։
Այսօր, օրենքով թույլատրված քարոզչության վերջին օրն է։ Մի ամսից ավել դիմացել ես էս ամեն ինչին, որ ամեն օր թափվում էր գլխիդ հեռուստացույցից, ռադիոից և ֆեյսբուքից։
Թույլ տուր և ինձ մի անգամ քարոզել կարծիքս քո վրա։ Էլ չեմ անի մինչև ընտրությունները, խոսք եմ տալիս։
Ապրիլի 2-ին դու կգնաս ընտրությունների և կընտրես ինչոր կուսակցություն և ինչոր մարդու ռեյտինգային ցուցակներից։ Դա շատ հեշտ է։ Ընդհամենը պետք է մի հատ գրիչով «գալչկա» դնել թղթի կտորի վրա ու ֆսյո։ Դրանից հետո կարող ես գնալ ման գալու և վայելել Հայաստանյան չքնաղ գարունը:
Ընտրելուց հիշիր, որ ընտրում ես ռեալ մարդկանց, որոնք մոտակա 4 տարվա ընթացքում կորոշեն քո և քո երեխաների ներկան և ապագան։ Մի պահ մտածիր դրա մասին գրիչը ձեռքդ վերցնելուց առաջ։ Փորձիր պատկերացնել այդ մարդկանց դեմքերը, հիշել նրանց խոսքերը, խոստումները և արարքները։ Հարցրու ինքդ քեզ, արդյո՞ք դու հավատում ես այդ մարդկանց։ Արդյո՞ք ուզում ես, որ նրանք առաջիկա 4 տարվա ընթացքում ներկայացնեն քեզ Ազգային Ժողովում, իսկ Հայաստանը արտասահմանում։ Արդյո՞ք նրանց մտավոր և բարոյական հատկությունները բավարար են, որպեսզի նրանք կարողանան ճիշտ և արդար օրենքներ ընդունել, որոնք կծառայեն քո և քո երեխաների շահերին։ Վերջը վերջո արդյո՞ք դու ուզում ես այդ մարդկանց գրպանիցդ աշխատավարձ վճարել և պրիվիլեգիաներ տալ, վճարել նրանց մեքենաների, վարորդների, քարտուղարուհիների, արտասահմանյան գործուղումների և շքեղ բանկետների համար։
Մի պահ վերհիշիր թե ինչպես ես ապրել վերջին տարիները ընթացքում դու և ինչպես են ապրել նրանք։ Ինչպե՞ս ես գնահատում ԱԺ-ի և կառավարության աշխատանքը, ընդունված և չընդունված օրենքները և որոշումները, կատարված և չկատարված խոստումները։ Հիշիր համաքաղաքացիներիդ, քաղաքների և գյուղերի վիճակը։ Հիշիր արտագաղթը և գործազրկությունը։ Հիշիր ինչու են հեռացել և չեն ուզւոմ վերադառնան ընկերներդ և բարեկամներդ։ Եթե տնտեսագիտությունից գիտելիքներ ունես, հիշիր վերջին տարիների ՀՆԱ-ի ցուցանիշները, ներդրումների ծավալը, արտաքին պարտքի աճը։ Այդ ամենից հետո նորից փորձիր պատկերացնել թեկնածուների դեմքերը և կեցվածքը։
Սթափ նայիր իրականությանը։ Ուզու՞մ ես ամեն ինչ մնա այսպես, թե փոփոխությունների կարիք ես զգում։ Ազնիվ եղիր ինքդ քո հետ և իմացիր, որ քո «գալչկայից» է կախված այդ բոլոր հարցերի պատասխանը։
Ընտրիր խելքով։ Մի նայիր թեկնածուներին «ծանոթ-սանիկ-բարեկամ» ֆորմատում։ Ձեր հարևան Վաչիկը կարողա լավ տղայա, բայց դա չի նշանակում, որ նա լավ պատգամավոր կարա լինի, կամ լավ կառավարիչ։ Լավ տղան մասնագիտություն չի։ Իսկ մեզ երկրի ղեկին մասնագետներ են պետք։ Մի գցիր քեզ նորից այդ անախրոնիկ թակարդի մեջ, որում մենք ապրում ենք տարիներ շարունակ։
Իսկ հիմա գնա և ընտրիր։ Ում ուզում ես։ Բայց ամենակրևորը ազնիվ եղիր ինքդ քո հետ։ Եթե դու ազնիվ լինես, ամեն ինչ կստացվի և մենք կունենանք որակյալ այլ երկիր։ Կունենանք #ԵԼՔ։