Դերասանուհի Իրինա Դանիելյանն այսoր նշում է 52-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է անցած ճանապարհի, տարիքային առանձնահատկության, ամենամեծ ցանկությունների ու տատիկ դառնալու մտքերի մասին:
Իրինա, նոր տարիքում նոր ցանկություններ կամ մտքեր առաջացե՞լ են: Ինչ եք ցանկանում, որ 52-ում և առհասարակ առաջիկայում կատարվի:
– Գիտեք, ինձ մոտ մշտապես շատ հարթ է իրականանում մի տարիքից մյուսին անցնելը, որ ցանկությունների վրա էլ չեմ կենտրոնանում: Ինձ մոտ մշտական ցանկություններ են՝ լինել ու մտերիմներիս էլ տեսնել առողջ ու երջանիկ, որպեսզի նրանց մասին միայն լավ լուրեր լսեմ: Նաև ցանկություններիս շարքում կարևոր տեղ ունի մեր երկիրը խաղաղ տեսնելը: Իսկապես, ողջ աշխարհի խաղաղությունից է կախված նաև մեր երջանկությունը:
Բացի համամարդկային ցանկություններից, ինքներդ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
– Ողջ կյանքում ես զգացել եմ երջանիկ լինելու զգացողությունը, ու կցանկանամ, որ դա երբեք չնվազի: Արդեն 52 տարի չի պակասել, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի: Ի դեպ՝ երջանիկ լինելու համար հատուկ գործողություններ չեմ անում, դա ինքնաբերաբար է ստացվում: Գոյություն ունի մարդու տեսակ հասկացությունը. ես իմ տեսակով ավելի պոզիտիվ ու օպտիմիստ մարդ եմ:
Կինը հաճախ ցավագին է տանում մեծանալը: Հետաքրքիր է՝ այս առումով կանանց, ո՞ր շարքին եք դասվում:
– Նոր կնճիռներն ինձ չեն հուզում, դրանք շատ հեշտ լուծելի են: Դուխս տեղն է, շրջապատս էլ բացարձակ չի թողնում, որ ինձ մեծ զգամ: Իմ տարիքից առայժմ գոհ եմ ու նման խնդիր չունեմ: Ենթադրում եմ, որ իմ կյանքում էլ կգա մի պահ, որ տարիքի մասին կմտածեմ, բայց կարծում եմ, երբ գալիս է այդ մասով նեղվելու ժամանակը, կյանքն այնպիսի երջանիկ պահեր է քեզ պարգևում, որ ժամանակ էլ չես ունենում մեծանալու մասին մտածելու:
Իրինա, մարդը հաճախ է վերլուծում անցած ճանապարհը, մտածում բացերի և նաև ճակատագրական քայլերի մասին: Հետ նայելով անցյալին՝ կցանկանայի՞ք շտկումներ անել:
– Ճանաչելով ինքս ինձ՝ ենթադրում եմ, որ եթե նույնիսկ ժամանակը կարողանայի հետ տալ, ապա նույն կերպ կապրեի՝ իմ բացթողումներով հանդերձ: Հիմա, երբ մտածում եմ, կարծում եմ՝ միայն մասնագիտական բացթողումներ են եղել, գուցե ճիշտ կլիներ ավելի շատ կենտրոնանալ երգի վրա: Ամեն դեպքում, անհամեստ չթվա, բայց, կարծում եմ, լուրջ սխալներ չեմ գործել: Ես սիրում եմ իմ անցած ճանապարհն ու կյանքիս ամեն պահը:
Կնոջ կյանքում երեխան ամենակարևորն է: Գիտեմ, որ Ձեր ամենագլխավոր ցանկությունները որդու հետ են կապված: Հետաքրքիր է՝ նա չի՞ ցանկանում Ձեզ տատիկ դարձնել:
– Իհարկե, շատ եմ ուզում, որ տղաս միշտ առողջ լինի ու հաջողություններ ունենա աշխատանքում: Ինչ վերաբերվում է տատիկ դառնալուս, պատկերացրեք ինքս էլ դեռ չեմ մտածում այդ ուղղությամբ ու հավանաբար դա գալիս է որդուս պահվածքից: Ինչ խոսք, դեմ չեմ լինի, եթե նա որոշի, ինձ տատիկ դարձնել:
life.panorama.am