Պատերազմը ոչ մի լավ բան չի տալիս, միայն տանում է, տանում անվերադարձ ու ցավալի. քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանն այսօր դարձավ 21 տարեկան. aysor.am
Advertisement 1000 x 90

Պատերազմը ոչ մի լավ բան չի տալիս, միայն տանում է, տանում անվերադարձ ու ցավալի. քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանն այսօր դարձավ 21 տարեկան. aysor.am

2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկին մերօրյա հերոսներ ծնեց: Այդ տղաներից շատերն այսօր ապրում են մեր կողքին, իրենց ներկայությամբ ոգևորում ու ամրապնդում յուրաքանչյուրիս: Անկախ տարիքից՝ երբ խոսում ես նրանց հետ, պատկառանքով ու երախտագիտության զգացումով ես լցվում. նրանց շնորհիվ է, որ այսօր ապրում ենք, ապրում հաղթանակած ու պաշտպանված…

Ծառայությունն անցկացնելով Թալիշում՝ Հարություն Բադալյանն իր իսկ ցանկությամբ ընտրում է այն դիքրը, որը արցախա-ադրբեջանական շփման գծում ամենամոտն է հակառակորդի դիրքին: 2016 թվականի ապրիլի 1-ին էլ բարձրանում է մարտական դիրքեր: Ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ է սկսում: Հարությունը առաջադրանք է ստանում՝ ոչնչացնել հակառակորդի դիմացի դիրքը։ Հրամանը կատարվում է, ադրբեջանական կողմը տալիս է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր։

Քառօրյան շատ բան է փոխել Հարությունի կյանքում՝ փոխվել է աշխարհայացքը, կյանքի տեմպը, նպատակները: Հարաբերություններն այլ որակ են ստացել:

«Հիշողություններն ամեն պահ թարմ են՝ ուզենք, թե ոչ: Անկեղծ ասած, հիմա էլ տեղս չեմ գտնում: Ինձ թվում է՝ պատերազմը շատերիս կյանքում շատ բան փոխեց: Անձամբ ես, եթե մինչ այդ մտածում էի հայրենիքիս նկատմամբ պարտքս կատարելուց հետո կանցնեմ քաղաքացիական նորմալ կյանքի, կաշխատեմ ու ընտանիք կստեղծեմ, ապա հիմա մտածում եմ՝ հայրենիքիս նկատմամբ պարտքս անավարտ է, այն միշտ ինձ ուղեկցող է լինելու: Ընտանիք կազմելու մասին դեռ չեմ մտածում, առավել շատ կենտրոնացած եմ գործունեությանս վրա: Պետք է անես ամեն ինչ, որպեսզի նպաստես հայրենիքիդ զարգացմանը», – Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց մերօրյա հերոսը:

Երբ հարցնում ես՝ ի՞նչ է տալիս ու ի՞նչ տանում պատերազմը, կրտսեր սերժանտը մտախոհ նշում է՝ պատերազմը ոչ մի լավ բան չի տալիս, միայն տանում է, տանում անվերադարձ ու ցավալի:

Այս տղաներն օրինակ են, օրինակ՝ արիության, խոհեմության, մարդասիրության: Նրանց այսօր ճանաչում են ամենուր, ճանաչում են թե՛ դեմքով, թե՛ անունով: Նրանք հերոս են, իսկ այդպիսին լինելը հեշտ բան չէ:

«Գիտեք, ես չեմ սիրում, երբ ինձ հերոս են անվանում: Անձամբ ինձ համար հերոս են այն տղաներն, ովքեր զոհվեցին պատերազմում: Ուղղակի, երբ քեզ ճանաչում են, պատասխանատվությունդ առավել է մեծանում: Եթե մարդիկ ինձ հետ հույսեր են կապում, ապա պետք է ամեն ինչ անեմ, որ այդ հույսերն արդարացնեմ», – նկատեց նա:

Եթե 90-ականներին մարտնչող ֆիդայինների համար օրինակ էին Անդրանիկը, Չաուշը, Նժդեհը կամ Սերոբը, ապա այսօրվա երեխայի հերոսն արդեն Հարությունն է, Շուլին, Գևորգն ու կապիտան Ուրֆանյանը…

«Դաստիարակությունը մանկուց է ձևավորվում, ու եթե մենք կարող ենք լավ օրինակ լինել, միայն ուրախ եմ: Ես էլ իմ հերոսն եմ ունեցել՝ Մոնթե Մելքոնյանը», – նշեց նա:

10 ամիս առաջ զորացրված Հարությունն այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանող է, նաև աշխատում է: Մարտական ընկերների հետ հաճախ են հանդիպում, միասին խոսելու, նաև՝ լռելու շատ պատճառներ ունեն: Նրանց ընկերությունը ծնվել է քառօրյա պատերազմից հետո:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այսօր, ապրիլի 1-ին Հարություն Բադալյանը 21 տարեկան է դառնում: Մեկ տարի առաջ՝ հենց իր ծննդյան օրը կյանք տվեց նաև իր մեջ ապրող հերոսին:

«Ճիշտ է, այսօր ծննդյանս օրն է, բայց չեմ կարողանում կենտրոնանալ դրա վրա: Այս օրն ինձ համար այլ արժեք ունի, բառերով նկարագրել չեմ կարող… Միայն մի բան եմ ցանկանում՝ հասնել այն աստիճանի, որ կարողանամ երկրիս այնպես օգնել, որ այլևս պատերազմ չլինի, այս երկիրը միշտ զարգանա ու բարձունքների հասնի: Իհարկե, այդ ամենին կարելի է հասնել միայն միասնականորեն… Բայց իմ ցանկությունները, մաղթանքները առաջին հերթին միշտ մեր տղաններին են ուղղված, սահմանին գտնվող իմ ընկերներին. թող անվտանգ ծառայություն ունենան, զգոն լինեն ու միշտ գիտակցեն՝ ինչի համար են պայքարում», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

Չի մոռանում նաև այս պահին իր կողքին գտնվող ընկերներին, որոնց մաղթում է տոկունություն ու խրախուսում՝ չհուսալքվեք, շարունակեք ձեր գործունեությամբ օգնել մեր ազգին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ․ ապրիլի 15-ի հրամանագրով Հարություն Սարիբեկի Բադալյանը ցուցաբերած բացառիկ խիզախության համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր