Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, տեխնիկական նորամուծություններն ավելի բարձրացրին քաղաքացիների վստահության մակարդակը ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների գնահա տականը՝ այս մասին ասաց առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Մեր աշխատանքն սկսել ենք մարտի 14-ից, այսինքն՝ ժամանակային առումով հնարավորություն ունեինք հետևելու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և հենց քվեարկությանը: Մեր հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է Ընտրական նոր օրենսգիրքը, և կցանկանայինք ասել, որ այնտեղ արված էին նորամուծություններ, որոնք առաջին անգամ էին հանդիպում ԱՊՀ երկրների շրջանում, այդ իսկ պատճառով մենք էլ էինք սպասում նրան, թե ինչպես այդ նորամուծությունները կդրսևորվեին արդեն ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնող խմբում ընդգրկված են եղել մի խումբ դիվանագետներ, փորձագետներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ և այլք: Դիտորդական խումբը մշտադիտարկում է իրականացրել բոլոր մարզերում:
«Կցանկանայի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրությունների համար պատասխանատու մարմինների ցուցաբերած աջակցության մասին, քանի որ այն, ինչի կարիքն ունեինք, ինչ նյութեր, որ անհրաժեշտ էր ուսումնասիրության համար, մենք ստանում էինք, այսինքն՝ բավականին լայն, ընդգրկուն պատկերացում ունենք ընտրությունների և դրանց նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Կարծում եմ՝ այն նորամուծությունները, որոնք կիրառվեցին ընտրությունների ժամանակ, միտված էին նրան, որ ընտրություններն ավելի ազատ, բաց և թափանցիկ անցկացվեին: Իհարկե, որոշակի կուտակումներ, տեխնիկական խնդիրներ էլ են եղել՝ սարքերի կողմից անձանց ճանաչելու հետ կապված, սակայն դրանք չէին հանդիսանում այնպիսի դժվարություններ, որոնք կխափանեին ընտրությունների ընթացքը: Հանձնաժողովի անդամներն անմիջապես կարողանում էին հարթել իրավիճակը»,- ընդգծեց առաքելության ղեկավարը:
Սերգեյ Լեբեդևը նշեց, որ եղել են շուրջ 1215 ընտրատեղամասում, որտեղ իրավիճակը հասկանալու համար նպաստել են ընտրատեղամասերում աշխատող այլ դիտորդները:
«Մենք եղել ենք ընտրատեղամասերում նաև ձայների հաշվարկի որոշակի ժամանակահատվածում: Նաև որպես դրական կողմ կցանկանայի նշել ընտրատեղամասում դիտորդների առկայությունը, որոնց հետ ևս մենք համագործակցում էինք, հարցնում էինք՝ արդյոք խախտումներ չեն նկատել: Եվ այն գնահատականը, որ մենք ունենք ընտրությունների անցկացման վերաբերյալ, նաև հիմնված է դիտորդների հետ հաղորդակցվելու, համագործակցելու վրա: Կարող ենք դիտարկել, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցկացվել են հանգիստ և կազմակերպված, մտցված նորամուծությունները, որոնք միտված էի ն գործընթացի կատարելագործմանը, նպաստեցին անցկացման թափանցիկությանը և գերազանցեցին նույնիսկ մեր արևմտյան երկրներին, որոնք մեզ սովորեցնում էին՝ ինչպես ճիշտ կազմակերպել ընտրությունները: Կցանկանայի ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք այն երկրի օրենսգրքով, որտեղ մշտադիտարկում ենք իրականացնում: Մենք չենք տալիս որևէ քաղաքական գնահատական: Մեզ համար կարևոր էր դիտարկել ընդհանուր գործընթացը, թե ինչքանով է այն ժողովրդավար, ինչքանով է ապահովված քաղաքացիների՝ ազատ կամքի արտահայտման իրավունքը: Մենք դա արեցինք, և, ընդհանուր առմամբ, ընտրությունների կազմակերպումը թույլ է տալիս եզրակացնել, որ քաղաքացիների՝ ազատ կամքի արտահայտման իրավունքը պահպանված է, իսկ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ»,- նշեց նա:
Սերգեյ Լեբեդևը նկատեց, որ որոշ ընտրատեղամասեր տեղակայված էին շենքերի երկրորդ հարկերում, ինչն իրենից դժվարություն էր ներկայացնում տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Նա առաջարկում է օգտվել ԱՊՀ երկրների տարածքում առկա օրինակից, այն է՝ ունենալ շարժողական քվեախցիկներ, որոնցով հանձնաժողովի անդամներից մի քանիսը կշրջեն այն տարածքներով, որտեղ ապրում են տարեցներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ այսպես հեշտացնելով նրանց մասնակցությունը ընտրություններին: