«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ազգային ժողով մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին` մաղթելով ազգանպաստ գործունեություն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Ընտրությունների վերաբերյալ հրապարակած քաղաքական գնահատականի մեջ կուսակցությունը հայտնել է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները և չի մասնակցելու հետընտրական որևէ հանրային միջոցառման կամ հանրահավաքի:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնել իր օգտին քվեարկած ՀՀ 58 հազար քաղաքացիների` նշելով, որ առաջին անգամ Հայաստանի քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը:
Այդուհանդերձ, կուսակցությունը նշել է, որ ընտրությունների արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն ունեցան թաղային հեղինակությունների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում և ընտրակաշառքները:
Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր. առաջատարը ՀՀԿ-ն է՝ 49.12 տոկոսով, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, համապատասխանաբար, 27.32 և 7.77 տոկոսով և ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով: ՀՎԿ-ն ստացել է 3.71 տոկոս ձայն: