Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել միջնադարյան հայ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա, տաղերգու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատիշերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է լատվիացի հայագետ Վալդա Սալմինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի համալսարանում ապրիլի 4-ին տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, թարգմանիչ Վալդա Սալմինան, Մատենադարանի հետազոտող Արուսյակ Թամրազյանը, լատվիացի հասարակական գործիչներ:
«Գրիգոր Նարեկացին հավատում էր, որ «Մատյան ողբերգության»-ը լինելու է համամարդկային ստեղծագործություն, գիրքն ունենալու է ընդհանրական լսարան և հույս ուներ, որ այն թարգմանվելու և ընդունվելու է տարբեր ժողովուրդների կողմից տարբեր դարաշրջաններում»,- ընդգծել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Նա Բալթյան երկրներում հայկական մշակութային արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց թարգմանիչ, հայագետ Վալդա Սալմինային, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը, պատվոգրերով պարգևատրվեցին գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը:
«10-րդ դարի հոգևորական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում: «Նարեկը», ինչպես գիրքն անվանում են հայերը, ոչ միայն կարդացել ու համբուրել են, պահել գրապահարաններում ու բարձերի տակ, այլև զգացել, գնահատել ու պաշտել: Այն հայկական ամենամեծ բանաստեղծական գործն է, որում Աստծո հետ երկխոսության միջոցով մարդն աստվածանում է, իսկ Աստված մարդանում: Այնուամենայնիվ, անհատը, մտածող, տրամաբանող, զգացող, տառապող անհատն իր բարդ մտքերով, կասկ ածներով, հույսերով, երազանքներով ու իդեալներով մնում է այս աշխատանքի հիմնական հերոսը: «Նարեկ»-ը կարծես մի աղբյուր լինի այնքանով, որքանով ընթերցողը կարող է հասնել նրան, հասկանալ իմաստն ու ուղերձը, նա այնքան բացվում է: Լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն այն կարդալու, շփվելու իրական գրական գլուխգործոցի հետ: Այն հայ և համաշխարհային գրականության գանձերից է»,- նշում է Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: