«Հին Երևանի կանգուն վկաները». Ամիրյան 28/6. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հին Երևանի կանգուն վկաները». Ամիրյան 28/6. armeniasputnik.am

Ամիրյան (նախկինում՝ Նազարովսկայա) փողոցի վրա կանգնած երկհարկանի այս կառույցը Հռիփսիմյան (Սուրբ Հռիփսիմեի անունով) գիմնազիայի կենտրոնական մասնաշենքն էր: Այն կառուցվեց 1898 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով, և փաստորեն հանդիսացավ 1892-1893 թթ. կենտրոնական մասնաշենքի ետնամասում ճարտարապետ Ի. Վագապովի կողմից հեղինակած շինության շարունակությունը: 1903-1905 թթ. նույնպես Վասիլի Միրզոյանի նախագծով բակի կողմից եղած կառույցի վրա ավելացվում է երկրորդ հարկը, ինչպես նաև աջ կողմից կառուցվում է երկհարկանի ընդարձակ նոր մասնաշենք՝ նկուղով և ձեղնահարկով (մանսարդով), որը նույնպես մինչ հիմա դեռևս կանգուն է:

Հռիփսիմյան իգական գիմնազիան դասվում էր Երևանի ամենահին և կարևորագույն ուսումնական հաստատությունների շարքին: Այն հիմնվել էր 1850 թվականին` Կովկասի Սուրբ Նինայի կանանց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի միջոցներով և սկսեց գործել ներկայիս շենքի մոտակայքում գտնվող երկու մասնավոր տներում։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, 1884-ին դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898-ից արդեն` իգական գիմնազիա։ 1917 թվականի դրությամբ գիմնազիայում սովորում էին 526 աղջիկներ, և շենքում կար բոլոր հարմարությունները՝ դասասենյակներ, ուսումնական կաբինետներ, գրադարան, դահլիճ, ննջասենյակներ՝ այստեղ գիշերող աշակերտուհիների համար, ճաշարան, բուժկետ, լոգասենյակ, պահեստներ և այլ:

Ուսումնական հաստությունը գործում էր պետական ծրագրերով և առարկաների ուսուցումը տարվում էր ռուսերենով։ Հետաքրքիր է ծանոթանալ դասավանդվող առարկաների ցանկին: Սկզբում եղել է` կրոն, ռուսերեն, հայերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործություն։ Հետագայում ավելացվել են` ֆրանսերեն, գեղագիտություն, նկարչություն, կենսաբանություն, բուսաբանության և հանքաբանության հիմնական սկզբունքներ, պատմություն, երաժշտություն և պար։ Գործել է նաև հատուկ դասարան, որի խնդիրն է եղել սովորողներին նախապատրաստել մանկավարժական գործունեությանը՝ համապատասխան ավարտական վկայականի շնորհումով։

1918-ին, առաջին հանրապետության օրոք, ուսումնական հաստատությունը սկսել է գործել արդեն որպես Հռիփսիմյան իգական հայկական գիմնազիա, դասավանդումը տարվել է հայերենով և կարևորվել են հայագիտական առարկաները։ Ուշագրավ մի փաստ ևս, 1918-1920 թթ. այս նույն շենքի մի հարկաբաժնում է գործել նաև Հայաստանի խնամատարության և աշխատանքի նախարարությունը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921 թվականից դպրոցը վերակազմավորվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, իսկ 1925-ից՝ կրել Ալեքսանդր Մյասնիկյանի անունը։

Հետագայում շենքը ծառայել է տարբեր ուսումնական հաստատություններին, այդ թվում որոշ ժամանակ այստեղ է գործել նաև Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտը: 1980-ականների կեսերին որոշվում է շենք տեղափոխել Երևանի պատմության թանգարանը, և այդ նպատակով սկսվում է կառույցի վերանորոգումը: Սակայն թանգարանն այդպես էլ չկարողացավ իր ցուցադրությունները կազմակերպել այստեղ: Շենքը մասնավորեցվում է, և փաստորեն մինչ հիմա՝ արդեն մոտ 20 տարի գտնվում է փակ, կոնսերվացված վիճակում, այնինչ արդեն շուրջ 167 տարվա պատմություն ունեցող երևանյան այս ուսումնական հաստատության շենքում ամենանպատակահարմարը՝ դա հայ դպրության թանգարանի հիմնումը կարող է լինել:

armeniasputnik