Ովքե՞ր են հայոց պատմության իրական կեղծարարները. magaghat.am
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են հայոց պատմության իրական կեղծարարները. magaghat.am

…Նայեցի «Հայոց պատմության կեղծարարները» ֆիլմը: Թեման ժամանակին բարձրաձայնեց Արմեն Այվազյանն իր հանրահայտ գրքում: Նման մոտեցումներով իրականում անտեղյակ հասարակության ուշադրությունը շեղում ենք և իրական կեղծարարները մնում են ստվերում…

Ամեն անգամ այս թեմային առնչվելիս զարմանում եմ, որ մեղադրանքներ են ներկայացվում թուրքերին և օտարերկրյա հայագիտական կենտրոններին: Բայց ոչ ոք չի հարցնում, թե այդ ու՞մ գրած, ի՞նչ պատմություն են կեղծել: Հաճախ որպես հիմնավորում են բերվում օտար գիտնականների անուններ (առավել հաճախ հիշատակվում է Իվանով-Գամկրելիձե զույգը, ովքեր իրենց աշխատության մեջ Հայաստան անվանման փոխարեն միշտ գործածում են արևելյան Անատոլիա տերմինը):

Արդյո՞ք մենք մեր ազգի իրական պատմությունը չգրելով, իրավունք ունենք ուրիշներին կեղծարար համարել: Չէ, որ հիշյալ բոլորը կեղծարարները կրկնում են այն, ինչը ավելի քան 100 տարի ասել և շարունակում են ասել տիտղոսակիր հայ գիտնականները (ակադեմիկոսներ Մանանդյանը, Աճառյանը, Ադոնցը, Աբեղյանը, Տիրացյանը, Ջահուկյանը և նրանց աշակերտները): Այսօր էլ այս գիտնականները համարվում են անբեկանելի հեղինակություններ ու հայագիտության լուսապայծառ գագաթներ, իսկ կեղծարար են հռչակվում նրանց կրկնող թուրքերն ու մյուսները: Նրանց ջանքերով է ձևավորվել ներկայիս ՀՀ ակադեմիական հայագիտությունը, որի առաջնային նշանակություն ունեցող ասպարեզը՝ հայոց նախաքրիստոնեական պատմությունը կեղծիք է ոտքից գլուխ և հիմնված է հայերի եկվորության թեզի վրա…

Բերեմ մի թարմ օրինակ: Երկու տարի առաջ պատ. դիտ. դոկտոր Ա. Քոսյանի հետ էի զրուցում: Նա պնդեց, թե մ.թ.ա. III-II հազ. հայերի հետքերը չկան Հայկական լեռնաշխարհում: Իսկ իմ այն հարցին, թե կարո՞ղ է նշել մի գիտնականի անուն, ով այդ հարցի հիմնավոր հետազոտության արդյունքում նման եզրակացության է հանգել (փորձել է միայն Ա. Ղափանցյանը և հասել որոշ արդյունքների): Անշուշտ նա լռեց, քանի որ հիմնավոր հետազոտություն, որքան էլ պարադոքսալ է, Հայաստանի ակադեմիական պատմագիտությունը չի իրականացրել: Այն էլ այն դեպքում, որ Ազգային Ակադեմիայի համակարգում գործում են հարցին անմիջապես առնչվող մի քանի ինստիտուտներ (պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության, լեզվաբանության, արվեստի): Ումի՞ց և ինչ եք պահանջում: Պահանջեք սրանցից, ովքեր ֆինանսավորվում են պետբյուջեի և հովանավորների կողմից ու դեռ բողոքում ցածր աշխատավարձերից:

Այսօր մենք ունենք մի գործող ուրարտագետ, ով Ուրարտուն չի համարում հայկական պետություն և տարեկան միջինը մի հոդված է գրում: Հիմա համացանցում նայեք Ուրարտուի պատմությանը վերաբերող գիտական հոդվածները և կհամոզվեք, որ հեղինակների ճնշող մեծամասնությունը թուրքեր են: Այս պարագայում անձամբ ինձ չի հետաքրքրում թուրք գիտնականի գրածը, սակայն շատ է մտահոգում այն, որ հայ ուրարտագետներն իրենց մակերեսային հետազոտություններով Ուրարտուն օտարում են հայոց պատմությունից: Ինձ շատ է մտահոգում այն փաստը, որ հայ գիտնականը Հայաստանի տարածքում իր նախնիների հետքերը չի փնտրում մ.թ.ա. VIդ այն կողմ: Չի փնտրում, որովհետև անգրագետ է հին գրավոր աղբյուրների տվյալներից: Հայերի հետքերը պիտի փնտրենք նաև հարևանների գրավոր աղբյուրներում: Սակայն Հայաստանի հայագիտությունը չունի և չի ունեցել շումերագետ, եգիպտագետ, ասուրագետ, եբրայագետ…: Ինչպե՞ս և ո՞վ պիտի փնտրեր: Հայագիտությունը եթե եզակի դեպքերում օգտվել է այդ աղբյուրների տվյալներից, ապա մի երրորդ լեզվի միջնորդությամբ միայն:

Ինչ վերաբերում է հնագիտական նյութի միջոցով հայերի հետքերը փնտրելուն, ապա այստեղ էլ տիրում է այսպիսի մի անգրագետ տեսակետ. «հնագիտական նյութով չի կարելի որոշել էթնիկ պատկանելիություն»: Այս միտքն էլ իր ասուլիսներից մեկում արտահայտել է հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը (օրինակ՝ Արենիի, Շենգավիթի կամ Արմավիրի հնագիտական նյութերով չենք կարող որոշել այդ մշակույթը կրողների էթնիկ պատկանելիությունը): Սա մակերեսային մոտեցման արդյունք է:

Հարգելիներս, մենք ոչ մի իրավունք չունենք մեր ազգի անաչառ ու ճշմարիտ պատմությունն օտարից պահանջելու: Այն պիտի ինքներս հետազոտենք ու գրենք: Շատ ենք ուշացրել, սակայն լավ է ուշ, քան՝ երբեք:

Համլետ Մարտիրոսյան

Ամբողջությամբ՝ magaghat.am