Կիևում հնարավոր են համարել Սամոյլովայի պատճառով Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանումը
Advertisement 1000 x 90

Կիևում հնարավոր են համարել Սամոյլովայի պատճառով Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանումը

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:

Դրա հետ մեկտեղ նա պնդում է, որ ԵՀՄ-ի մասնակիցները կընդունեն այդ հարցում Կիևի դիրքորոշումը: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել է «Օբոզրեվատել»-ը:

«Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը կընդունվի ԵՀՄ-ի անդամների կողմից: Իսկ եթե մրցույթից հետո Ուկրաինայի դեմ  պատժամիջոցների հարց առաջանա Ռուսաստանի չմասնակցելու կապակցությամբ, լրացուցիչ կպարզաբանենք իրադրությունը»,- ընդգծել է Կիրիլենկոն:

«Բոլոր բացասական հետևանքների համար պետք է լինի ԵՀՄ-ի միասնական որոշումը, իսկ այդ որոշումը նախատեսում է հատուկ ընթացակարգեր, քվեարկություններ»,- բացատրել է փոխվարչապետը: Նա ընդգծել է, որ ԵՀՄ-ի ոչ բոլոր անդամներն են «Կրեմլի մեծ բարեկամները»:

Ավելի վաղ ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը  շարունակում է Կիևում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Պատասխանելով այն հարցին, թե ԵՀՄ-ն քննարկում է արդյոք մրցույթը Բեռլին կամ այլ քաղաք տեղափոխելու հնարավորությունը Ուկրաինայի տարածք Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի՝ մուտքի արգելքի կապակցությամբ, Գուդմանը պատասխանել է. «Մենք մեր անդամի՝ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստաընկերության հետ միասին կենտրոնացած ենք մայիսին Կիևում դիտարժան «Եվրատեսիլ» երգի մրցույթ անցկացնելու նախապատրաստման վրա, և դա մնում է մեր գլխավոր գերակայությունը»:

Դրա հետ մեկտեղ պաշտոնական ներկայացուցիչը հասկանալ է տվել, որ ԵՀՄ-ում դեռևս չեն ավարտվել Սամոյլովայի՝ Ուկրաինա մուտքի արգելքի հետ կապված խնդիրների լուծման շուրջ անցկացվող բանավեճերը:  «Մենք առաջիկա օրերին հետագա հաղորդագրություններ կունենանք (մամուլի համար)»,- խոստացել է Գուդմանը:

Մինչ այդ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության դիտորդական խորհուրդը ԵՀՄ-ին  հորդորել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և չխոչընդոտել «Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացմանը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն,  մեկնաբանելով «Եվրատեսիլ-2017»-ի Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի՝ երկիր մուտքի արգելման վերաբերյալ Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, հայտարարել է, որ մրցույթին Սամոյլովային ուղարկելու որոշումը եղել է կանխամտածված մարտահրավեր Ուկրաինային, որին երկրի կառավարությունը չի պատասխանել: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանին հարկավոր էր ոչ թե մասնակցություն «Եվրատեսիլ»-ին, այլ «սադրանք»:

«Ես երջանիկ եմ, որ ուկրաինական իշխանությունների արդյունավետ գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել այդ սադրանքից»,- ընդգծել է նա: