Ի տարբերություն բազմաթիվ քննադատությունների, որոնք այս օրերին հնչեցին` Օպերայի շենքում ռեստորան կառուցելու նախագծի վերաբերյալ, դերասան Տիգրան Ներսիսյանը համոզված է, որ դա մի ծրագիր է, որը բացարձակ կապ չունի մեր պատկերացումների հետ:
«Մենք ինչ է` մի՞ բան ենք պատկերացնում ռեստորան ասելով` խորովածանոց ու քաբաբանո՞ց: Ես վստահ եմ, որ Արմեն Ամիրյանի ներկայացրած ծրագիրն այլ որակ ունի: Մարդիկ միանգամից ուզում են պիտակավորել, բայց նրանց պատկերացրած տարբերակը չի կարող լինել, խոսքը լրիվ այլ ծրագրի մասին է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ներսիսյանը:
Դերասանը կարծում է, որ պետք է թույլ տալ իրականացնել այն. «Հատկապես ասվում է, որ ծրագիրը կներկայացվի, հանրային քննարկման կդրվի և պատկերացումներն ավելի պարզ կլինեն, թե ինչի մասին է խոսքը: Աշխարհում բազմաթիվ էդպիսի օրինակներ կան, այլ հարց է, եթե մենք ուզում ենք աղավաղել դա: Ամեն ինչն էլ կարելի է աղավաղել»,- կարծում է նա: