Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:
Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուս գալ պահքից։
Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։
Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։ Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:
Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 17-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:
«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը». այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։ Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։ Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։
Ս. Զատկի տոնից սկսած հարկ է քահանա հրավիրել տուն` Տնօրհնեքի կարգ կատարելու:
Միմյանց շնորհավորում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է: