«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության խոշորագույն իրադարձություններից մեկն է, այն տրավմա էր ողջ մարդկության, և հատկապես հայկական ծագմամբ ֆրանսիացիների համար, ուստի և Ֆրանսիայի համար»: Նման հայտարարությամբ Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը:
Ամոնը խոստանում է նաև Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պարագայում շարունակել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, քանզի «այն չպետք է մոռացվի»: Նա նաև հույս է հայտնել, որ հնարավորություն կունենա մի օր Երևանում մասնակցել հիշատակի արարողությանը: «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ, որին ես ևս ներկա էի, Ֆրանսուա Օլանդն առաջարկեց Հանրապետության ազգային հիշատակի օրերի ցանկում ընդգրկել նաև բոլոր ցեղասպանությունների, պատերազմի հանցագործությունների ու մարդկության դեմ գործած հանցագործությունների հիշատակման օր: Ես լիովին սատարում եմ այս գաղափարը: Հանրապետության նախագահ ընտրվելու պարագայում ես կշարունակեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը»,- նշել է սոցիալիստ թեկնածուն:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այս ուղղությամբ Ֆրանսիայի հայ համայնքի և առհասարակ բոլոր համայնքների ներդրած ջանքերը հրաշալի և լեգիտիմ է համարում: «Ֆրանսիան 2001թ. դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկը, սակայն ես գիտակցում եմ, որ այսօր պետք է ավելի հեռուն գնալ: Ինչպես ասում էր Ժան Ժորեսը «մարդկությունը չի կարող ապրել այս քարանձավում՝ սպանված ժողովրդի աճյունի հետ միասին»: Իսկ նա դա ասում էր դեռևս 1897թ.՝ 1915թ. ցեղասպանությունից 18 տարի առաջ»,- ընդգծել է Ամոնը:
Նա շեշտել է, որ նույնիսկ եթե ցեղասպանության ժխտման քրեականացման ճանապարհին որոշակի արգելքներ են առաջանում, չի կարելի ձեռքերը վայր իջեցնել: «Բազմաթիվ ճանապարհներ կան այս հիշողությունը կենդանի պահելու համար, ինչպես նաև նման զանգվածային հանցագործությունների կրկնությունը կանխելու համար: Ահա թե ինչու ես կողմ եմ Հանրապետության օրացույցի մեջ զանգվածային հանցագործությունների հիշատակի օրվա ամրագրման համար: Այս գործընթացն իրականացվում է պատմաբան Վինսեն Դյուկլերկի ղեկավարած առաքելության կողմից: Սա նաև ցույց կտա հանրապետական արժեքների հանդեպ մեր հարգանքը»,- ընդգծել է Բենուա Ամոնը: