Աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված հայ երաժիշտները «Համահայկական նվագախումբ» նախագծի շրջանակներում ապրիլի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգին կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Համահայկական նվագախումբ» նախագծի շրջանակներում բացի ապրիլի 24-ի համերգից, այլ համերգներ եւս նախատեսվում են:
«Նախագծի շրջանակներում հրավիրված ցանկացած երաժիշտ լիցքավորված հայկականությամբ, հայկական մտածողությամբ կհեռանա Հայաստանից` իր հետ տանելով իր վերագտած հայկական գենը»,- ասաց Ամիրյանը:
Նրա խոսքով` հայաշատ տարբեր գաղթօջախներում առաջիկայում նախատեսվում են «Համահայկական նվագախումբ»-ի համերգները: Մտահաղացումն իրականություն դարձնելու համար հովանավորներ են անհրաժեշտ:
«Արդեն իսկ առաջին ծիծեռնակը կա եւ հաջող բանակցություններից հետո մենք հերթական համերգի մասին կհայտարարենք շուտով»,- ասաց նա:
Հատուկ «Համահայկական նվագախումբ» նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն` «Պոեմ հաղթանակի» վերնագրով:
«Համահայկական նվագախումբ» նախագիծը իրականություն է դարձել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Նախագծին մասնակցում է հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտ, որոնցից շուրջ 70-ը աշխարհի 20 երկրներից:
Համահայկական նվագախմբի հիմքում ընկած հիմնական գաղափարը հայ ժողովրդի միասնականությունն է:
Ստորև ներկայացնում ենք նաև asekose.am-ի տեսանյութը.