«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արևելյան ազգերը և հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ:
Աստված Ինքը Մովսեսին պատվիրեց օծության յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք. 30:22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Ի դեպ` հունարեն «Քրիստոս» բառը նշանակում է հենց «Օծյալ»: Եվ արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղերով օծելու զանազան դեպքերի:
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:
Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը:
Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան