Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 28-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» խորագրով զեկույցը, որում ներառված են աշխարհի 199 պետություններ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զեկույցում ներառված երկրներում մամուլի ազատությունը գնահատվել է զրոյից 100 բալի սահմաններում:
«Ալիևյան վարչակարգն ընդլայնում է երկրի քաղաքական տնտեսական անկայունությունը, սահմանափակում քննադատությամբ հանդես եկող մամուլի գործունեությունը»,- նշում է Freedom House-ը:
Ադրբեջանը, հավաքելով 90 բալ, զբաղեցրել է 190-րդ տեղը` դասվելով ամենաանազատ երկրների շարքը:
«Ադրբեջանի իշխանություններն ամեն գնով փորձում են սահմանափակել քննադատական մամուլի մնացուկների գործունեությունը»,- ասվում է զեկույցում:
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում և արգելափակում են հայտնի ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերը, որոնցից են օրինակ` Meydan TV-ն և «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը:
«Ադրբեջանի կառավարությունը լուրջ գրաքննության է ենթարկում երկրի ներսում գործող ԶԼՄ-ների գործունեությունը, օրինակ` այդ երկրի իշխանությունները Թուրքիայի պատվերով սադրանք որակեցին և դադարեցրեցին ANS հեռուստաալիքի եթերը, որում տեղ էր գտել ԱՄՆ-ում քաղաքական վտարանդու կարգավիճակով բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ելույթը»,- նշված է Freedom House-ի զեկույցում:
«Մամուլի ազատություն 2017 » զեկույցն ընդգրկում է ամբողջ 2016 թվականն ու ընթացիկ տարվա առաջին ամիսները:
Ըստ զեկույցի` մամուլի ազատության տեսակետից այժմ ամենավատ իրադրությունը տիրում է Ադրբեջանում, Իրանում, Ղրիմում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում եւ Էրիթրեայում: