Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել

«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:

Ֆիլմի դիտումից հետո Մովսիսյանը խոսել է վերջինիս պատմական կարևորության, իր արձագանքի և զգացողությունների մասին.

«Մենք պայքարող ազգ ենք: Մենք մի ազգ ենք, որը ցեղասպանություն է տեսել: Մեր հաղթանակը կլինի փրկությունը: «Խոստումը» ֆիլմի ստեղծմամբ՝ վերջապես մեծ էկրաններին ներկայացվեց Ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ:

Հայերիս համար սա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին:

Երբ դու երեխա ես, քեզ դաստիարակում են՝ այդ ամենի մասին պատմելով: Դու փրկվել ես ցեղասպանությունից: Մեր պարտքն է ամբողջ աշխարհին պատմել, թե որն է Հայաստանի պատմությունը: Հայաստանը պարզապես մի փոքր երկիր չէ, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում, դա մի երկիր է, որը ցեղասպանություն է տեսել: Դու հաղթում ես ապրելով և մյուսներին այդ մասին պատմելով: Հիանալի է, որ իմ ընկերներն ու թիմակիցներն այստեղ են և մի նոր բան են սովորում: Սա պարզապես պատմություն չէ հայոց Ցեղասպանության մասին: Սա դաս է պատմության մասին և նաև այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր: Դա կարող է օգնել աշխարհին:

Շատ դժվար է, դու իհարկե գիտես պատմությունը, բայց ամեն անգամ այդ մասին հիշելով՝ մեծ ցավ ես ապրում: Կարծում եմ՝ այս ֆիլմը ստեղծողները հիանալի աշխատանք են կատարել»,- ասել է Մովսիսյանը և շարունակել.

«102 տարի է անցել, բայց աշխարհի կեսը դեռ չի ճանաչել հայոց Ցեղասպանությունը: Մենք դեռ պայքարում ենք դա համար: Մենք պարզապես առաջ չենք գնում, մենք դա անում ենք՝ պայքարելով: Ես միշտ ստիպված եմ եղել պայքարել այն ամենի համար, ինչի հասել եմ կյանքում: Ես շատ բան չեմ ունեցել, բայց պրոֆեսիոնալ եմ դարձել մի երկրում, որը 300 մլն բնակչություն ունի: Իմ միակ նպատակը եղել է պրոֆեսիոնալ լինելը: Դա հենց այն պայքարող ոգին է, որը բնորոշ է մեր ազգին: Ոչինչ երբեք մեզ հեշտ չի տրվել: Ամեն ինչի համար մենք ստիպված ենք եղել պայքարել:

Ցանկացած հայ, որն աշխարհի որևէ մասում հանդիպում է մեկ այլ հայի, միանգամից մտերմանում է: Անմիջապես շատ ջերմ զգացողություններ ես ունենում: Մենք ենք, որ պետք է պաշտպանենք  մեզ: Մենք ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներն ու ծոռներն ենք»:

 
 armsport.am