Միացյալ Նահանգների Johnson & Johnson (J&J) ընկերությունը որպես փոխհատուցում 110 միլիոն դոլար կվճարի Վիրջինիայի նահանգի բնակչուհուն, որը քաղցկեղով է հիվանդացել ընկերության՝ տալկ պարունակող արտադրանքն օգտագործելուց հետո: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Համապատասխան դատավճիռը մայիսի 4-ին կայացրել է ԱՄՆի Սենտ Լուիս քաղաքի (Միսուրիի նահանգ) դատարանը: Կնոջ պնդմամբ՝ ինքը քառասուն տարի շարունակ ամեն օր օգտագործել է Johnson & Johnson-ի արտադրության՝ տալկով ցանափոշին:
2012 թվականին տուժած կնոջ մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցեղ, որն այնուհետև տարածվել է լյարդի վրա: Ներկայում կինը քիմիաբուժության կուրս է անցնում:
Պատասխան հայտարարության մեջ Johnson & Johnson ընկերությունը նշել է, որ կարեկցում է հիվանդացած կնոջը, սակայն մտադիր է գանգատարկել դատարանի վճիռը: 110 միլիոն դոլար գումարը ռեկորդային է դարձել այն փոխհատուցումների թվում, որոնք Սենտ Լուիսի դատարանում ընկերությունից պահանջվել են 2400 նման հայցերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: