Նիկոլը վախեցա՞վ. lragir.am
Advertisement 1000 x 90

Նիկոլը վախեցա՞վ. lragir.am

Ելք դաշինքն այսօր առավոտյան հայտարարել էր, որ շտապ ասուլիս է հրավիրելու քարոզարշավում նոր ռազմավարություն ներդնելու հարցով: Պարզվեց, որ այդ ռազմավարությունը վերաբերում է Ելքի հաղթանակի դեպքում Երևանի բյուջեում նոր հոդված ավելացնելուն: «Ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երևանի բյուջեից 15 հազար դրամ կտրամադրենք»՝ ռազմավարությունը մեկ նախադասությամբ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:

Դրանով ամեն ինչ ասված է, և այդտեղ ավարտվում է այն ամենը, ինչ հայտարարում էր Ելքը որպես երիտասարդ ու հավակնոտ քաղաքական ուժ, ըստ որի՝ իր առաքելությունը ոչ միայն համակարգային իրողություններին չտրված մարդկանց ձայներին տեր կանգնելն էր, այլև հանրությանը փոխելը, քաղաքականության, մտածողության նոր որակներ բերելը:

Ընդհանրապես, քաղաքական ուժի առաքելությունը պետք է լինի ոչ թե հանրության «մակարդակին» իջնելը, այլ հանրությանը բարձրացնելը: Հայկական կուսակցությունները առևտրական մանր կրպակներ են, որոնք տարիներ ի վեր արել են հակառակը՝ ձգտելով ավելի իջեցնել հանրությանը, նրա պահանջներն ու մոտիվացիան, որպեսզի այդ ցածր դաշտում պահպանեն իրենց գոյությունն ու դիրքերը:

Հակառակը շատ բարդ գործ է, այն էլ ներկայիս իրավիճակում, բայց ոչ անհնար: Խորհրդարանի ընտրության քարոզարշավին Ելքը մեծ վերապահումներով զբաղված էր հենց այդ գործով. Մինչ մյուս մասնակիցները իջնում ու իջեցնում էին, Ելքը փորձում էր բարձրանալ (ոչ միայն ֆիզիկապես՝ տանիքներին), այլև բարձրացնել, հույս տալ: Իհարկե, մեծ վերապահումներով, բայց դա առկա էր, ընդ որում՝ ընտրության այլ մասնակիցների՝ ընտրողների հանդեպ ակնհայտ արհամարհական գործունեության ֆոնին, այդ թվում թե ընտրակաշառք բաժանելու մասով, թե վերցնելու և ուրիշների օգտին քվեարկելու հայտարարություններով:

Ի՞նչ պատահեց Երևանում, այն էլ այս օրերին, դժվար է ասել: Ելքը վախեցա՞վ իր բռնած ուղու դժվարությունից, որը նաև հակառակ էր համակարգային տրամաբանությանը: Վախեցա՞վ արտահամակարգային ուժ մնալուց: Այսօրվա «ռազմավարությունը» սովորական «ապառիկ» ընտրակաշառքի հայտարարությո՞ւն է, խորամանկությո՞ւն, ի՞նչ: Կամ, արդյոք Ելքն էլ է համոզված, որ ամեն ինչի պատճառը ընտրակաշառքն է, և խեղճ հանրությունը ստիպված է գնում այդ քայլին:

Մի՞թե կա համոզվածություն, թե համակարգին հնարավոր է հաղթել նրա իսկ մեթոդներով: Հակառակն ավելի հավանական է՝ կորցնել արդեն իսկ ունեցածն այդ պարագայում:

Քաղաքականության դիրքերում մնալու պարագայում նման հայտարարություն չէր կարող հնչել, քանի որ ընտրակաշառքն այստեղ կապ չունի: Ընդհակառակը, եթե քիչ ինչ կոպիտ լինենք, ընտրակաշառքը հանրության առայժմ միակ «հաղթանակն» է համակարգի հանդեպ: Սա իհարկե նույնիսկ բարոյական հաղթանակ էլ չէ, սակայն սա միակն էր, ինչին կարող էր հասնել հանրությունը նման քաղաքական կոչվող դաշտի պարագայում, որն ընդունակ չէ հանրային-պետական օրակարգով որևէ գործունեության՝ իշխանությանը խնդիրներ ու լուծումներ պարտադրելուց մինչև հեղափոխություն:

Ընտրությունը լուրջ բան է, բոլորի համար և բոլոր պարագաներում:

Հայկազն Ղահրիյան

lragir.am



Նման նյութեր