Եկեղեցուց անթիվ-անհամար արկերի արկղեր դուրս բերեցին․ Աիդա Սերոբյանը՝ Շուշիի գրավման մասին
Advertisement 1000 x 90

Եկեղեցուց անթիվ-անհամար արկերի արկղեր դուրս բերեցին․ Աիդա Սերոբյանը՝ Շուշիի գրավման մասին

1992 թվականի մայիսի 8-9-ին մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողությամբ ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

«Չէինք էլ պատկերացնում, որ կարող ենք գրավել Շուշին։ 2-3 անգամ հետաձգել էինք գրավման գործողությունը, քանի որ մտածում էինք, որ զոհեր շատ կլինեն։ Բայց, հետո բաժանվեցինք 4 խմբի ու 26 ժամվա ընթացքում Շուշին ազատագրվեց։ Այնքան էինք ուրախացել, երբ եկեղեցուց անթիվ-անհամար արկերի արկղեր սկսեցին դուրս բերել։ Ադրբեջանցիները գիտեին, որ հայերը երբեք եկեղեցին չեն ռմբակոծի, դրա համար էլ զենք-զինամթերքն այնտեղ էին պահել»,-հիշում է «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը։

Նրա խոսքով՝ արցախյան պատերազում մեծ է եղել նաև կանանց դերը․

«Զենքը ձեռքին մարտնչող կնոջը տեսնելով ամենավախկոտ տղամարդն էլ առյուծ էր կտրում։ Հիշում եմ՝ 1992 թվականին, երբ տղաները զենքն հավաքած նահանջում էին, այդ պահին մեր գնդացիրը սկսեց կրակել, ազատամարտիկ Կարինե Գևորգյանն էր, ով ոչ միայն չէր նահանջում, այլև մոտեցել ու կրակում էր ադրբեջանցիների ուղղությամբ։ Բոլորը հետ եկան։ Ի դեպ, եթե թողնեինք սարսափելի բարձունքներից մեկը, մեծ զոհերի գնով պետք է հետ վերցնեինք»,-նշեց գնդապետ Աիդա Սերոբյանը։

Անի Կարապետյան

asekose.am