-Սյուրպրիզ ունես,- հեռախոսով ասեց մամաս:
-Ի՞նչ սյուրպրիզ:
-Գտա Հարությունի տետրը, հորդ հորեղբոր:
Հարությունը հորական պապիս եղբայրն է: Կիրակոսյան եղբայրները ծնվել են Տրապիզոնում, հայրս`Ռաֆայել Իշխանյանը, ասում էր, որ նրանք համշենցի են: «Ովքեր են նրանք. Մուսուլման, հայախոս համշենցիներ» ակնարկիս մի գլուխը նվիրված է պապիս ընտանքին: Իմ համշենական ծագումն էլ մեջս հետաքրքրություն էր առաջացրել համշենցիների նկատմամբ: Հորական ազգականներիցս ամենատարեցը հորս հորեղբոր աղջիկն է`Ալլան, ակնարկիս համար նրանից մի քանի տեղեկություն ստացա պապիս մասին: Բայց շատ հարցերի չէր կարողանում պատասխանել, շատ բաներ չգիտեր. «Պապաս Ռաֆիկի խնդրանքով մի տետր գրել էր ջարդերի մասին, թե ոնց են իրանց տարել, ոնց է փրկվել: Տետրը հորդ էր տվել,-ասեց ինձ Ալլան: Ամբողջ տունը քրքրեցի ու տետրը չգտա: Կորել է: Ու արդեն մեկ ամիս է ինչ հրատարակել եմ Մմւսուլման համշենցիների մասին պատմող ակնարկս, մեկ էլ մի քանի օր առաջ մամաս զանգում է ու ասում որ գտել է:
Հարությունը սովորել է ջութակ Երևանի կոնսերվատորիայում Սպենդիարովի դասարանում, սակայն ձիուց վայր ընկնելու հետևանքով մատը վնասել է և ուսումը չի շարունակել: Եղբոր` Ավետիսի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել է շինարարական ինստիտուտ, աշխատել է ինժեներ-շինարար: Մահացել է 1976-ին:
1915-ին նա անցել է կոտորածի ողջ ճանապարհով, պատահականորեն ողջ է մնացել:
12 էջանոց տետրի բոլոր 12 էջերին գրի է առել իր հուշերը և ոմն տրապիզոնցի Սուրեն Օհանյանի պատմածը: Հուշերի վերջում թվականն է 5/04. 65թ: Կազմի հետևը տետրի արտադրության թիվը`1964թ., իմ ծննդյան տարին: Նաև տետրի մեջ դրված է հորս ուղարկված մի կիսատ նամակ, ամսաթիվը չկա, Հարությունը գրել է Թիֆլիսից հավանաբար 1953-1955թթ.(նամակում ասում է, որ աղջկա` Ալլայի համար դաշնամուր են առել, իսկ Ալլան հիշում է որ դաշնամուրը առան այդ թվերին): Հրապարակում եմ նամակն ու տետրը չնչին խմբագրումներով…
Ամբողջությամբ՝ vahanishkhanyan.wordpress.com