Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չի կարողանա միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ Ռուսաստանում լեգեոներների քանակի սահմանափակման մասին օրենքի պատճառով:
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ հավաքականում խաղալու իմ մեծ ցանկության մասին: Ես գիտակցում եմ, թե ինչ մեծ պատիվ է ֆուտբոլիստի համար ներկայացնել երկիրը: Շատ ուրախացա, երբ կարդացի, որ ինձ ցանկանում են հրավիրել: Հետո եղավ հրավերը:
Բայց ինձ անձամբ չեն զանգահարել և չեն խոսել: Ռուսաստանում մենք սպասում էինք լեգեոներների քանակի մասին օրենքի փոփոխմանը: Ասում էին՝ երբ այն փոխվի, հայկական անձնագրով ֆուտբոլիստները այլևս լեգեոներ չեն համարվի: Բայց օրենքը չփոխեցին: Ասում են՝ չեն էլ փոխի»,- ասել է Յուրչենկոն:
Դարպասապահը նաև նշել է, որ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում լեգեոներ դառնալը շատ ռիսկային է.
«Ստացվում է՝ որ ես այստեղ կդառնամ լեգեոներ: Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում լինել լեգեոներ-դարպասապահ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Փորձը ցույց է տալիս, որ լեգեոներ են լինում մյուս խաղացողները, բայց դարպասապահներին ընտրում են տեղացիներից: Այդ դեպքում ես կկորցնեմ թիմս կամ չեմ ստանա խաղաժամանակ: Իսկ ո՞ւմ եմ ես պետք գալու Հայաստանի հավաքականում առանց պրակտիկայի»:
Յուրչենկոն նաև նշել է, որ ինքը մտադիր չէ հավաքականում լինել պահեստային դարպասապահ, և նպատակը միայն հիմնականը լինելն է.
«Ամեն իրավիճակում լուծում կա, պարզապես պետք է նստել ու քննարկել: Ինձ հետ դեռ կապ չեն հաստատել: Ես ինքս այստեղ փորձում եմ ամեն բան իմանալ այդ օրենքի մասին: Չգիտեմ՝ ինչպես կարելի է լուծել խնդիրը, բայց ցանկության դեպքում մի լուծում կարելի է գտնել: Ինձ ճիշտ հասկացեք: Ի՞նչ կպատահի, եթե ես գամ Հայաստան և այստեղ ինձ նստեցնեն պահեստայինների նստարանին, կամ թիմս կորցնեմ: Ինչպե՞ս պետք է հետո ապրեմ:
Կարծում եմ՝ այս կասկածները ունեն բոլոր այն ֆուտբոլիստները, ում համար այդ օրենքը դարձել է խոչընդոտ: Բացի այդ, ես կարդացի գխավոր մարզչի խոսքը, որտեղ նա ասաց, թե հավաքականն ունի մշտական դարպասապահ, իսկ ես դիտարկվելու եմ որպես փոխարինող: Նախապես ասեմ, որ հաշվի առնելով իմ կարիերայում բոլոր ռիսկերը, իմ տարբերակն այսպիսին է՝ հարգելով մյուս բոլոր դարպասապահներին՝ հավաքականում լինել հիմնական դարպասապահը»,- եզրափակել է իր խոսքը Դավիթ Յուրչենկոն:
armsport.am