«Չկանոնակարգված ու չպլանավորված գործողությունները աղավաղում են Հայաստանի տուրիստական դեմքը»
Պարադոքսալ երկիր է Հայաստանը: Մի կողմից ծայրահեղ աղքատության, մյուս կողմից՝ ծայրահեղ հարստության, հնի ու նորի, պահպանողականի ու առաջադեմի խաչմերուկ է, որը և՛ լավ, և՛ վատ հետք է թողնում: Պարադոքսալությունն անդրադառնում է, թերևս, բոլոր ոլորտների վրա: Տուրիզմն այս առումով նույնպես բացառություն չէ: Մի կողմից բղավում ենք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք ու միայն այդ փաստով կարող ենք երկրորդ Հռոմ դառնալ, մյուս կողմից էլ սարսափում ենք արտասահմանցիների ցանկացած հոսքի ժամանակ:
Ամառ է, զբոսաշրջության թեժ փուլը: Մինչ մենք պլանավորում ենք՝ ուր գնալ այս տարի, այլազգիներն իրենց պլանների մեջ ներառում են Հայաստանը: Ակամա հարց է ծագում, առաջին քրիստոնյա ազգը, բազմադարյա եկեղեցիների երկիրը, ջերմ ու հյուրասեր ժողովուրդը պատրա՞ստ է դիմավորել հյուրերի:
Պարզելու համար էլ դիմեցինք խնդրին քաջատեղյակ մասնագետի: Յաշա Սոլոմոնյանը յոթամյա փորձով զբոսավար է, հյուրերի հետ շրջելով Հայաստանի ամբողջ տարածքում, փորձում է սովորեցնել նրանց սիրել մեր հայրենիքն այնպես, ինչպես ինքն է սիրում: Չի ուզում զրույցը բացասական նոտայով սկսել, բայց այլ տարբերակ էլ չունի: Ասում է՝ պակասելու փոխարեն՝ տարեցտարի թերություններն ավելանում են: «Իրավասու մարմիներն ամեն տարի բարձր-բարձր խոսում են ծրագրերից ու նպատակներից, սակայն խոշոր հաշվով ծրագրերը մնում են թղթի վրա, իսկ նպատակներն էլ գնալով խամրում են:
Ես սարսափում եմ, երբ մտածում եմ, թե ինչպիսի տպավորություններով են հեռանում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները, ովքեր անցնում են մեր խայտառակ վատ ճանապարհներով, տեսնում դաշտերում ու տեսարժան վայրերում «ամբարված» ահռելի աղբակույտերը:
Թերությունները շատ են: Մենք ընդհանուր երկրում ունենք աղետալի պատկեր, էլ ուր մնաց, թե տուրիզմի ոլորտը լինի անթերի: Հայաստանում բոլոր ոլորտներում կա ադմինիստրատիվ աշխատանքի, մենեջերական մտքի ահռելի պակաս, այդ թվում նաև տուրիզմի ոլորտում: Այս ոլորտն ախր առանձին օղակ չէ, սա բազմաթիվ օղակների միացություն է ու համագործակցություն: Տուրիզմի ոլորտը չի կարող զարգանալ, եթե թերանում է ճանապարհաշինությունը, չի կարող զարգանալ, եթե իր աշխատանքում թերանում է քաղաքաշինությունը, մշակույթի նախարարությունը, կրթության նախարարությունը… Մենք անգամ չունենք ձևավորված որակյալ տուրիստական կրթություն, չունենք պետական զբոսավարական դպրոց: Առանձին կառույցների մասին չէ խոսքը, այլ հստակ կանոնակարգված պետական մոտեցման և մտածողության մասին»:
Զբոսավարի աշխատանքային ցավոտ կետերից մեկը հարևան երկրների նկատմամբ քաղաքացիների՝ հաճախ անհանդուրժող պահվածքն է. «Բազմիցս հայտնվել եմ քննարկումների կիզակետում: Շատ քարեր են շպրտվել իմ ուղղությամբ՝ նմանօրինակ հարցեր բարձրաձայնելիս: Կարծում եմ այստեղ նորից պետք է վերադառնանք այն մտքին, որ տուրիզմի զարգացումը սերտորեն փոխկապակցված է այլ ոլորտների հետ: Տվյալ հարցում հսկայական անելիք ունեն Կրթության նախարարությունն ու ԶԼՄ-ները: Մեր հարևան երկրների մասին մեր բնակչության պատկերացումները թերի են ու երբեմն ոչ ադեկվատ: Իրանի մասին շատերի պատկերացումները սահմանափակվում են Ավարայրի ու «ժելեյած մազերով տղուկների» մակարդակում: Բայց ախր խոսքը գնում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի մասին: Ես չեմ ժխտում այն փաստը, որ որոշ զբոսաշրջիկներ իրենց երբեմն թույլ են տալիս ավելին, քան կարելի է: Բայց ախր այդ մի քանի դեպքով չի կարելի սահմանափակ կարծիք կազմել մի ամբողջ ազգի մասին»:
Զբոսաշրջության ակտիվ շրջանը սկսված է, մնում է հուսալ, որ չնայած բոլոր թերություններին մեր երկրի հյուրերը ժպիտով կմեկնեն իրենց տուն:
Սյունե Սևադա
Ամբողջությամբ՝ champord.am