Ծովակ գյուղի Առողջության առաջնային պահպանման կենտրոնի ընտանեկան բուժքույր Հայկանուշ Մխեյանի համար բուժքրոջ մասնագիտությունն ապրելակերպ է:«Կյանքս առանց բժշկության երբևէ չեմ պատկերացրել»,- ասում է նա և հավելում, որ մարդուն օգնելն իր առաքելությունն է:
Հայկանուշ Մխեյանը 40 տարվա փորձ ունի, երկար տարիներ աշխատել է որպես վիրահատարանի բուժքույր, այդ տարիները մեծ սիրով և կարոտով է հիշում. իր կյանքի լավագույն տարիներն են եղել:
Թե գյուղում և հարակից բնակավայրերում տիկին Հայկանուշին և նրա տան տեղը լավ են ճանաչում, չկա մի ընտանիք, որին բժշկական օգնություն չի ցուցաբերել:
Ցանկացած խնդրի դեպքում մարդիկ առաջինը նրան են դիմում՝ լինի կոտրվածք, այրվածք, թե այլ խնդիր: Հատուկ նշանակության բուժքույր եմ՝ իր մասին հաճախ կատակում է տիկին Հայկանուշը և հպարտությամբ նայում տան սենյակներից մեկին, որտեղ նրա «գանձերն են»՝ բժշկական և առաջին օգնության բազմաբնույթ պարագաները:
Բուժքրոջ առաքելությունը…
Ես ծնվել եմ որպես բուժքույր, ես դա չեմ սովորել, բժշկությունն իմ էության մեջ է: Սա ինձ համար մեծ առաքելություն է՝ օգնել իմ և իմ մասնագիտության կարիքն ունեցող մարդկանց: Ցանկացած պարագայում կարողանում եմ օգնել մարդկանց՝ լինի կոտրվածքներ, այրվածքներ, բաց վերքեր, պատռվածքներ և այլն: Դա է իմ կյանքը:
Երբ կարողանում եմ մարդուն օգնել և հասցնել առողջ վիճակի, իմ այդ պահի առաքելությունը կատարված եմ համարում: Հատկապես երբ վիրաբուժական գործեր եմ կատարում, կարծես վերածնվում եմ, նոր մարդ դառնում:
Մարդու մեկ շնորհակալությունն ինձ համար ամեն ինչ է…
Հիվանդի անկեղծ շնորհակալությունն ինձ համար ամեն ինչ արժի: Դա ինձ համար իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է, մնացածը երկրորդական է: Աննկարագրելի զգացում է, երբ կարողանում ես օգնել ևս մեկ մարդու:
Շատ եմ սիրում որովայնի խոռոչում կատարվող վիրահատությունները: Ափսոս, այժմ այլևս չեմ աշխատում որպես վիրահատարանի բուժքույր: Տարիներ առաջ, երբ դեռ վիրահատարանում էի աշխատում, մեծ հաճույքով էի մասնակցում այդ վիրահատություններին, թեև արդեն 40 տարի է բուժքույր եմ աշխատում, բայց այդ սերն ու հետաքրքրությունը չի մարում:
Պատերազմի տարիներին ամեն փրկված զինվորի հետ վերածնվում էի…
Արցախյան պատերազմի ընթացքում աշխատում էի զինվորական հոսպիտալում, շատ դաժան տարիներ էին, շատ:
Այդ տարիներին, երբ կարողանում էինք և նաև անձամբ ես կարողանում էի մեկ զինվորի կյանք փրկել, նրա հետ վերածնվում էի: Գիտակցել, որ ամեն փրկված զինվորով մեկ հայ ընտանիք է փրկվում, մի աննկարագրելի զգացողություն է:
Այժմ էլ գրեթե ամեն օր ես վերհիշում եմ այդ պահերը, ապրում դրանցով, նման դեպքերը մոռանալ չի լինում…
Բժշկի մասնագիտությունը ժամային գրաֆիկ չունի…
Իմ մասնագիտությունը 24-ժամյա մասնագիտություն է: Օրվա ցանկացած ժամի կարող են մեր դուռը թակել ամենատարբեր դեպքերով, լինի ցերեկը , թե գիշերվա 1-ին: Հատկապես 1993-94 թթ.ի մութ ու ցուրտ տարիներին պատահում էր անգամ, որ կողքի բնակավայրերից էին մեր տուն գալիս: Միշտ էլ սիրով եմ սպասարկել հիվանդներին, չէ՞ որ հստակ գիտակցում եմ, որ իմ մասնագիտությունը ենթադրում է առանց ժամային գրաֆիկի աշխատանք:
Փողոցով անցնելիս անգամ մարդիկ դիմում են որևէ խորհրդի համար…
Այն սերն ու հարգանքը, որ ես վայելում եմ մարդկանց կողմից, իմ աշխատանքի լավագույն գնահատականն է:
Պատկերացնում եք, շատ է պատահել, որ փողոցով անցնելիս երեխաների խաղին եմ ականատես եղել, երբ նրանք բժիշկ-բժիշկ են խաղում իմ անունով: Սրանից լավ գնահատական չկա:
Հաճախ է պատահում, երբ փողոցում ինձ տեսնում են, մեկը ոտքն է ցույց տալիս, մեկը ձեռքն է ցույց տալիս և խորհուրդ հարցնում: Դա դարձել է իմ առօրյայի մի մասը:
Բժիշկը նաև հոգեբան է…
Իրականում բավական դժվար է բաց վերքերի, այրվածքների, կոտրվածքների և նման այլ պարագաներում սառնասրտություն պահպանել: Դա ժամանակի ընթացքում սովորում ես: 40 տարին քիչ չէ….
Ես փորձում եմ այդպիսի դեպքերում հիվանդին բերել այնպիսի սթափ վիճակի, որ նա կարողանա այդ ընթացքում իրեն հանգիստ զգա:
Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, առանց դրա կյանք չունեմ:
Չեմ սիրում նույն տեղում մնալ…
Իմ մասնագիտությունն անընդհատ զարգացող ոլորտից է: Անընդհատ կարդում եմ մասնագիտական գրականություն, բուսաբուժություն եմ նաև ուսումնասիրում և փորձարկումներ եմ անում առաջինը ինձ վրա: Այն, ինչ կապված է բժշկության հետ, ինձ համար հետաքրքիր է:
Սերը դեպի բժշկությունը փոխանցվել է նաև ընտանիքիս…
Մի անգամ, փոքր տարիքում աղջիկս ձեռքի մատը վնասել էր և բավականին մեծ վերք էր եղել: Ինքնուրույն, առանց որևէ մեկին ասելու, ինքն իր վերքը մաքրել էր, վիրակապել էր, և երկար ժամանակ դա թաքուն էր պահում, մի օր էլ եկավ, մատը ցույց տվեց, ասաց՝ լա՞վ եմ վիրակապել: Մեզ մոտ այս ոլորտի հանդեպ սերը կարծես ընտանեկան լինի: Նույնը նաև թոռնիկս, երբ ինքն էլ փոքր եղբորն էր ինքնուրույն վիրակապել, եկա, որ պետք է վիրակապեի վերքը, տեսնեմ արդեն մաքրել է, վիրակապել է, ընդ որում, այնքան մաքուր ու կոկիկ, որ ապշել էի:
Փոքր տարիքում շտապ-օգնության մեքենա տեսնելիս փախչում թաքնվում էի…
Սերը դեպի իմ մասնագիտությունը շատ հետաքրքիր է ստեղծվել: Փոքր տարիքում վախենում էի, անգամ երբ շտապ-օգնության մեքենա էի տեսնում, փախչում էի և ինչ-որ տեղ թաքնվում: Ժամանակի ընթացքում այնպես սիրեցի այս աշխատանքը, որ այն դարձավ իմ կյանքի թանկ ու անբաժան մասնիկը: Ընտանիքից հետո և գուցե դրան զուգահեռ ինձ համար կարևորն իմ աշխատանքն է:
Ակաթի Վահանյան