Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՆ ԷԼ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ… Ռիժկովի անունը հնչում է Անկախության Մեծ տոնին, Անկախ երկրի գլխավոր հրապարակում, իսկ Անկախության հիմնադիրներից մեկի անունն ընդհանրապես չի նշվում, մեկինն էլ՝ չնշվելու նման է հնչում: Ռիժկովին էլ շնորհավորենք: Աստված մեծ ա: Ռիժկովն էսպես չի սիրել Հայաստանը, որ մոռանանք…
«…Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով…: Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է…: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է…»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«…Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը…: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի…: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա…»: ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Հ.Գ. Էլի Խեչոյան Լևոնին հիշեմ. «Աշխարհը հո կատարյալ եւ վերջնական տեսքով չի՞ արարված` այնքան բան պիտի լիներ, որ չկա»:
Բոլորիս էլ շնորհավորեմ: Էս ա»: