Պատմաբան Վահե Անթանեսյանի ուշագրավ հրապարակումը՝ իր միկրոբլոգից:
Մեծամորի հնավայրը գտնվում է Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ արևմուտք, Արմավիր քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Մեծամոր գետի ակունքների մոտ:
Հնագույն բնակավայրն ընդգրկում է շուրջ 30 հա տարածք:
Մեծամորը հայոց քաղաքակրթության վաղնջական կենտրոն-մայրաքաղաքներից է եղել: Այստեղ է եղել Անահիտ և Նանե աստվածուհիների պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկը, որից էլ ծագում է բնակավայրի անունը՝ Մեծամոր՝ Մեծ Մայր:
Մեծամորում սակայն, բացի Անահիտի և Նանեի տաճարներից, եղել է նաև Տիրի՝ դպրության, գիտության, երազների հովանավոր աստծու տաճարը: Այն տեղակայված է եղել փոքր բլաշարքի մերձակայքում, ուր հայոց քրմերը դեռևս մթա երրորդ հազարամյակում աստղագիտությամբ են զբաղվել: Բլուրի վրա տեղակայված է եղել զիկկուրատ-աստղադիտարանը:
Քաղաքը պարսպապատ է եղել, մի կողմից նրա ամրությունն ապահովել է Մեծամոր գետը, մյուս երեք կողմերից՝ արհեստական ջրապատնեշները: Կենտրոնական բլուր-միջնաբերդն էլ պաշտպանված է եղել աշտարակավոր պարսպով:
Մեծամորը բնակեցված է եղել առնվազն մթա 4-րդ հազարամյակից: Այն վաղ-բրոնզեդարյան ժամանակաշրջանի աշխարհի մեծագույն և կարևորագույն բնակավայրերից է եղել՝ համաշխարհային մետաղամշակության հնագույն օջախներից մեկը: Բացի մետաղամշակությունը, Մեծամորի բնակիչներն զբաղվել են նաև երկրագործությամբ, անասնապահությամբ:
Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կրոմլեխներով օղակված մեծաքանակ դամբարաններ: Այստեղ թաղվել են ազնվականները, որոնց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:
Մեծամորը այդ ժամանակահատվածում համարվել է աշխարհում մեծագույն մետաղամշակման կենտրոններից մեկը: Հողի շերտերում հայտնաբերվել են անագի, պղնձի, ցինկի, ֆոսֆորի, սնդիկի հանքանյութեր:
Ձուլարանների կողքին հայտնաբերվել են սպիտակ գույնի աղյուսների կույտեր: Ուսումնասիրելով այդ աղյուսների բաղադրությունը` երկրաբանները պարզել են, որ դրանք մարդիկ են պատրաստել եւ օգտագործել են մետաղները ձուլելու համար: Քանի, որ փայտի այրումից անջատված ջերմությունը բավարար չէր մետաղ ձուլելու համար, մեր նախնիները աղացել են անասունների ոսկորները, խառնել կավին և ջրով լուծել: Ստացված մածուցիկից աղյուսներ են պատրաստել: Ստացված աղյուսները բաղադրության մեջ կրի և ֆոսֆորի մեծաքանակ առկայության շնորհիվ լավ այրվել են և ապահովել անհրաժեշտ ջերմություն:
Մեծամորը համարվում է աշխարհում մեզ հայտնի, մեզ հասած հնագույն մետաղաձուլարանը:
Մեծամորում պեղումների ժամանակ ի թիվս այլ գտածոների, հայտնաբերվել Բաբելոնի արքա Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտանման կշռաքարը (մ.թ.ա. XVI դ.) և Բաբելոնի մեկ այլ արքայի՝ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Գորտի փորի վրա նշված է նրա կշռի չափը` 1 սիկղ (բաբելական կշռամիավոր), որը հավասար է մոտավորապես 8.5 գրամի: Կնիքը պատկերազարդ է. Պատկերված են` թագավորը եւ քրմուհին, ով գինի է մատուցում արքային: Կարելի է եզրակացնել որ Միջագետք մետաղի մատակարարման գլխավոր աղբյուրը հենց Մեծմորն է եղել և միջագետքյան տիրակալներն այստեղ ներկայացուցիչներ են ունեցել:
Մեծամորը ուրջ 80 հա տարածք զբաղեցնող մեծ քաղաքային բնակավայր է եղել նաև նախաուրարտական ժամանակաշրջանում՝ մթա 11-9-րդ դարերում: Հնագիտական պեղումների ժամանակ բացվել են աշխարհիկ և հոգևոր շինություններ, ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման արտադրական կառույցներ:
1968 թվականին Մեծամորում բացվել է պատմահնագիտական արգելոց-թանգարան, ուր պահպանվում և ցուցադրում են հնավայրում հայտնաբերված արժեքավոր շուրջ 27.000 ցուցանմուշներ: