ՌԴ պետական և քաղաքական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գրող, ռադիո և հեռուստահաղորդավարուհի: Անց է կացնում վարպետաց դասեր, թե ինչպես ժամանակակից աշխարհում լինել հաջողակ` միևնույն ժամանակ մնալով ազատ մարդ:
Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը կրճատումներով:
– Իրինա, ո՞ւմ համար են նախատեսված Ձեր վարպետաց դասերը: Եվ դա կախվա՞ծ է արդյոք նրանից, թե որ երկրում է այն անցկացվում:
– Միջին դասի համար են դրանք, մարդկանց, ովքեր չունեն դրամական հսկայական միջոցներ, սակայն ցանկանում են լինել ինքնավստահ, հաջողակ և հետաքրքիր: Ինձ մոտ սովորաբար հաջողակ մարդիկ են գալիս, որովհետև անհաջողակը ոչ տոմս կգնի, ոչ էլ ինձ կլսի: Անհաջողակ մարդն անիծում է ամեն ինչ իր շրջապատում և ոչ մի տեղ չի գնում: Ինչ վերաբերում է երկրին, ապա տարբեր են այդ դասերը և նպատակային: Կա դաս, որը կարող ես կարդալ ցանկացած երկրում, կա, որ՝ միայն Ռուսաստանում: Օրինակ, Ռուսաստանի բիզնես- առաջնորդությունը տարբեր է Արևմուտքից: Այնտեղ, օրինակ, բոլորը հասկանում են, որ կոմունիկացիաների արվեստը հաջողության 90%-ի գրավականն է. Ռուսաստանում էլ են հասկանում, բայց, ի տարբերություն Արևմուտքի, չեն կիրառում: Շփվել, բանակցություններ վարել չգիտեն և, ընդհանրապես, հմայիչ լինել չգիտեն:
– Կարո՞ղ է արդյոք գործարարն իրեն թույլ տալ չհետաքրքրվել քաղաքականությամբ կամ ընդհանրապես լինել քաղաքականությունից դուրս:
– Քաղաքականությամբ չհետաքրքրվելը մի պատմություն է, իսկ քաղաքականության մեջ չլինելը` բոլորովին այլ: Գործարարը պարտավոր է չլինել քաղաքականության մեջ, որովհետև հակառակ դեպքում՝ գործ կունենանք հետաքրքրությունների բախման հետ: Սակայն նա պարտավոր է հետաքրքրվել քաղաքականությամբ, որովհետև այլ դեպքում չի կարող գնահատել իր ռիսկերը:
– Պետական պաշտոնյան պե՞տք է արդյոք օժտված լինի բարոյական բարձր որակներով:
– Բարոյական որակներ ասվածը սուբյեկտիվ բան է. մեկն ունի, մյուսը` ոչ: Եվ ի՞նչ է նշանակում՝ պետք է: Պետք է լինեն ինստիտուտներ, որոնք, անկախ մարդու բարոյական լինելու կամ չլինելու հանգամանքից, նրան կստիպեն հետևել բոլոր կանոններին: Պետությունը մասնավոր սեփականություն չէ. երկիրը չի պատկանում կոնկրետ ինչ-որ մեկի: Եվ քաղաքական գործիչները, և գործարարները նույնպես ոչ ոքի ոչինչ պարտք չեն: Պետք է մարդկանց մոտիվացնել: Երբ հարկերը ցածր են, մարդկանց այդպիսով մոտիվացնում են չխախտել օրենքը, իսկ երբ հարկերը բարձր են, և նրանց ասում են` դու պարտավոր ես, նրանք անցնում են դեպի ստվերային տնտեսություն:
– Ի՞նչ Դուք երբեք չեք անի՝ որպես գործարար կամ քաղաքական գործիչ:
– Ես իմ սեփական էթիկական նորմերն ունեմ և դրանց ես հետևում եմ բավականին եսասիրաբար: Եթե ես դրանք անտեսեմ, չեմ ունենա տրամադրություն, էներգիա, առողջություն, և չեմ կարող այլևս ապրել ու առաջ նայել: Սա բացարձակ պրագմատիկ մոտեցում է:
– Իսկ եթե մարդն այնքան էլ հաջող չէ, կարո՞ղ եք գլուխների վրայով անցնել:
– Եթե դրանք տականքներ են, այն էլ ոնց կանցնեն, կջնջեն ամեն ինչ, այդ թվում՝ որպես գործիք օգտագործելով նաև ինտրիգը:
– Սա ինչ-որ կերպ տեղավորվո՞ւմ է վարքագծի արևելյան մոդելի մեջ:
– Այն էլ ինչպես: Այդ պատճառով է, որ չինացիների հետ այդքան դժվար է պայմանագիր կնքելը: Նրանք ժպտում են, կնքում պայմանագիրը և 3 օր անց այն խախտում: Իսկ ահա ճապոնացիները` ոչ, խախտումներ չեն անում, բայց չեն էլ ստորագրում: Ճապոնացիների հետ կարելի է անվերջ բանակցություններ վարել և ոչնչի չհասնել: Ասիացիներն ընդհանրապես բարդ մարդիկ են. նրանք ունեն բացարձակ տարբեր մշակութային ավանդույթներ:
– Դուք Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:
– Իմ հաջողության բանաձևի համաձայն` այո: Իսկ դրանք տարբեր են: Օրինակ, Ռուսաստանում միջին խավի 80%-ը մտածում է, որ, եթե ունես մեծ փողեր, ուրեմն հաջողակ ես: Իմ բանաձևը փոքր-ինչ այլ է: Ինձ համար 1-ին տեղում ինքնաիրացումն է: Արա այն, ինչ քեզ դուր է գալիս, դուր չի գալիս` մի՛ արա:
– Իսկ եթե դուր է գալիս, բայց նյութական արտահայտություն չունի՞:
– Այդ դեպքում գործում է 2-րդ մոտեցումը. արա այն, ինչ քեզ դուր է գալիս, բայց այնքան արհեստավարժ կերպով, որ, միևնույն է, վճարեն այնքան գումար, որպեսզի դու առաջինն անես ազատորեն: 3-րդ մոտեցումն է` արա միայն այն մարդկանց շրջապատում, ովքեր քեզ դուր են գալիս, 4-րդը` միայն նրանց համար, ովքեր քեզ դուր են գալիս:
– Սա արդյո՞ք նշանակում է` շփվիր նրանց հետ, ովքեր քեզ դուր են գալիս:
– Ոչ. Շփվել, այնուամենայնիվ, պետք է բոլորի հետ, որովհետև դա գումար վաստակելու միջոց է: Սակայն, եթե հենվես վերոնշյալ 4 մոտեցումներ վրա, կստանաս այն բանաձևը, որի արդյունքում ի հայտ է գալիս երջանկությունը: Եվ դա կախված չէ լավ իշխանություն, վատ կլիմա, սիրելի անձնավորություն ունենալ-չունենալուց: Այսպիսով Դուք դառնում եք ինքնաբավ, անում եք այն, ինչ ուզում եք, հասարակությունն ընդունում է դա և վճարում այնքան գումար, որ Դուք ազատորեն կարողանաք իրականացնել Ձեր մտահղացումները: Պետք չէ փորձել բոլորին դուր գալ. Դուք շոկոլադ չեք, և Ձեր տված արտադրանքը բոլորին չպետք է հարմար լինի: Դուք եք որոշում այն մարդկանց շրջանակը, ովքեր հետաքրքիր են Ձեզ, և նրանց համար էլ տալիս եք այդ արտադրանքը: Կարող եք այդ մարդկանց թիրախային լսարան կոչել: Սա շատ կարևոր հանգամանք է:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը